«Եթե ուսուցչին լավ չես վճարում, պետք է գոնե այլ մեխանիզմներով աջակցես». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մանկավարժի վարքականոն» (էթիկայի նորմերը) նախագիծը այս օրերին տարբեր գնահատականների է արժանացել: Բացի այն, որ ԿԳՆ նախագիծը որակվում է որպես տարիներ առաջ տպագրված ձեռնարկի կրկնօրինակում, նախագծում ներառված դրույթները ևս խնդրահարույց են գնահատվում:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նախագծում խնդրահարույց դրույթներ չի արձանագրել: Ավելին՝ կարծում է, որ նման փաստաթղթերն, այնուամենայնիվ, անհրաժեշտ են, բայց փորձագետն այլ խնդիր է տեսնում:
«Մեկուկես տարի առաջ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր, որ ստեղծելու է «Ուսուցիչ» ծրագիր, որը ներառելու է Հայաստանի ուսուցիչների վերաբերյալ համապարփակ քաղաքականություն: Բոլորս սպասում էինք հենց այդ փաստաթղթին, որովհետև դա շատ ավելի կարևոր էր: Վերոնշյալ «Մանկավարժի վարքականոնը» կարող էր լինել հենց այդ փաստաթղթի մաս: «Ուսուցիչ» ծրագրի փաստաթղթով նախատեսվում է, որ խրախուսման, իրավական, սոցիալական աջակցության ինչ–որ մեխանիզմներ կստեղծվեն ուսուցիչների համար, որովհետև եթե ուսուցչին լավ չես վճարում, պետք է գոնե այլ մեխանիզմներով աջակցես: Սա շատ կարևոր է: Շատ տրամաբանական կլիներ, որ նախևառաջ այդ ծրագիրն արվեր: Բայց չգիտենք, թե այդ ծրագիրն ի՞նչ եղավ, ինչո՞ւ չկա, ինչո՞ւ կիսատ մնաց և չշարունակվեց, բայց դրա փոխարեն սեղանին դրվեց մի փաստաթուղթ, որն ընդունվել և տպագրվել է 2014 թվականին և վերջին օրերին որոշակի խմբագրում է անցել»,–մեզ հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ խնդիրը հենց նշվածն է:
«Երբ մենք փաստաթուղթ ենք ներկայացնում, շատ կարևոր է, որ հերթականությունը ճիշտ լինի: Եթե մենք ուսուցիչներին պահանջներ ենք ներկայացնում, լավ կլինի, որ այդ փաստաթղթում լինեն աջակցման ինչ– որ մեխանիզմներ, լինի ավելի համապարփակ քաղաքականություն: Բայց վերոնշյալ դեպքում ուսուցիչը կարդում է և զգում, որ իրենից կրկին պահանջում են: Սա ճիշտ ձև չէ: Հասկանալի է, որ նման փաստաթղթեր, իհարկե, պետք են: Վարքականոնի վերաբերյալ նմանատիպ փաստաթղթեր աշխարհի շատ երկրներում կան, դրանք նաև ուսուցիչներին են պետք: Պետք են ինչ–որ իմաստով նաև որպես պաշտպանական մի բան, որովհետև նույն ուսուցիչներն էլ են ծնող, և իրենց երեխաներն էլ են դպրոց գնում: Այսինքն՝ բոլորիս է ձեռնտու, որ Հայաստանում ուսուցիչների վարքականոն լինի և լինի բարձր մակարդակի վրա: Բայց խնդիրն այն է, որ սա չպետք է ներկայացվի որպես առանձին փաստաթուղթ, դրա հետ պետք է ներկայացվեր ամբողջ «Ուսուցիչ» նախաձեռնությունը, որով նախկին նախարարն արդեն հանդես էր եկել: Ինչո՞ւ սա չներկայացվեց և դրա փոխարեն դրվեց մի բան, որն ուսուցիչների համար ընդունելի չէ»,–հարցադրում արեց փորձագետը՝ հավելելով, որ դպրոցներն ունեին վարքականոնի վերոնշյալ փաստաթուղթը, բայց այն նախարարների կողմից հաստատված չի եղել:
«Հիմա երևի փորձ է արվում հաստատել այն: Ընդամենը այսքանը»,–ասաց Ս. Խաչատրյանը:
Կրթության փորձագետը, այդուհանդերձ, շեշտեց՝ այս պահին դա չէր կարևորը:
«Առաջնահերթը սա չէր: Ինձ մի բան է մտահոգում: Երկրում տեղի է ունեցել հեղափոխություն և, սովորաբար, հեղափոխությունից հետո ոչ թե մանր–մունր բաներ, այլ ռազմավարություններ են պետք: Ես դա չեմ տեսնում: Մենք հիմա գիշեր–ցերեկ պետք է քննարկեինք գաղափարներ, ռազմավարություններ և ոչ թե ինչ–որ առօրեական, հասարակ փաստաթղթեր: Սա է խնդիրը»,–եզրափակեց նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում