Սպառողական Հայաստան. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում բավական ծավալուն անդրադարձ կատարեց օրախնդիր մի շարք թեմաների: Ընդհանուր առմամբ այս ֆորմատը նորություն չէր, բայց նորություն էին այն շեշտադրումները, որոնք անում էր Փաշինյանը: Մասնավորապես նկատվում էր, որ Փաշինյանի մոտ որոշակի փոփոխություններ կան՝ կապված հասարակության անելիքների հետ, ու «սաղ Սերժնա մեղավոր» կախարդական ձևակերպումն այլևս չի աշխատում:
Սակայն մի կողմ թողնենք խնդրի, այսպես ասած, քաղաքական և ընթացիկ կողմը: Անկախ հասարակության կամ Նիկոլ Փաշինյանի սպասելիքներից, ցանկություններից, կա իրականություն, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել: Եվ այդ իրականությունը բավական տխուր է, եթե այն դիտարկում ենք հենց հեղափոխական սպասելիքների դիտանկյունից: Հայաստանն այդ առումով չի արտադրում այնպիսի քանակի և որակի արտադրանք, որ բավարար լիներ հեղափոխական թռիչքի համար: Հայաստանը արդեն երկար ժամանակ է գտնվում է բացառապես սպառողի կարգավիճակում: Ընդ որում, սպառման դեպքում էլ ամեն ինչ միանշանակ չէ: Օրինակ, մշակույթի մի ահռելի հատված մենք սպառում ենք երկրորդ ձեռքից՝ ռուսական կողմից, որոնք էլ իրենց հերթին սպառում են արևմտյան արժեքներն ու պրոդուկտները:
Հնարավոր չէ մատնանշել այնպիսի ոլորտ, որտեղ մենք ունենանք ոչ սպառողական, ստեղծագործական միջավայր, թերևս եզակի բացառություններ կան ՏՏ ոլորտում: Բայց այդ ոլորտում խորամուխ լինելու դեպքում էլ ակնհայտ է դառնում դրա իրական պոտենցիալի և «գովազդային» վահանակի միջև անհամամասնությունը:
Ըստ այդմ, այսպիսի սպառողական, մշակույթով, տնտեսությամբ, գիտությամբ, արժեքներով ու իմաստներով ինչպե՞ս է հնարավոր ունենալ հեղափոխական թռիչք, անկախ այն հանգամանքից, թե այդ թռիչքի պայմանական ղեկին ով է նստած: Ամեն դեպքում այս սպառողականությունը անբուժելի հիվանդություն չէ ու ախտորոշումն էլ այս դեպքում չպետք է ընկալել որպես ճակատագիր: Սակայն այդ հիվանդության բուժումը ենթադրում է ավելի ընդգրկուն, խորքային հարցադրումների սահմանում, որը ցավոք չի նկատվում: Փոխարենը մենք ունենք ներքաղաքական ինտրիգների և մեղադրանքների փակ շղթա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում