Վիգեն Հակոբյան. «Քաղաքական կարանտինը», կարծես թե, մոտեցել է ավարտին. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն գերսպասումները, որ առաջացել էին հասարակության գրեթե բոլոր խավերի մոտ, բավականին ծանր բեռ պետք է լինեին նոր իշխանությունների համար: Եվ հենց այդպես էլ եղավ: Անկախ նրանից՝ իրենք հեղափոխության ակտիվ մասնակիցներ էին, աջակցողներ, դիտորդներ, թե նույնիսկ հակառակորդներ, այդ գերսպասումներն առաջացել էին: Բայց շատ շուտ պարզվեց, որ իշխանությունը ոչ միայն հաճելի բեռ, այլև լուրջ պատասխանատվություն է: Եվ կյանքը ցույց է տալիս, որ ոչ բոլորն են պատրաստ դրան: Գնահատելով ներկա հասարակական և քաղաքական իրավիճակը՝ մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Այս պահի դրությամբ մենք կարող ենք արձանագրել, որ հեղափոխական հզոր էյֆորիան աստիճանաբար մտնում է մեկ այլ ֆազա. հասարակությունը համարում է, որ ինքն այս կամ այն չափով, յուրաքանչյուրն իր մասով մասնակցել է հեղափոխությանը, հոկտեմբերի 2–ին կանխել է հակահեղափոխություն կոչեցյալը, իսկ դեկտեմբերի 9–ին, ի վերջո, հեղափոխությունը կապիտալիզացվել է: Եվ հիմա համարում է, որ արել է այն ամենը, ինչն իրենից պահանջվում է, այլևս բան չունի տալու հեղափոխական իշխանությանը: Եվ դեկտեմբերի 9–ից հետո, կարծես թե, հոգեբանական «надлом» է եղել, և հասարակությունը դարձել է նաև պահանջատեր: Դա երևում է թե՛ սոցցանցերում, թե՛ առօրյա կյանքում, թե՛ քաղաքական բանավեճերի ժամանակ և թե՛ փորձագետների ու վերլուծաբանների ավելի կտրուկ գնահատականներում: Այսինքն՝ հիմա հասարակությունն իշխանությանը հստակ հասկացնում է հետևյալը. այն «կոմֆորտ զոնան», որում վերջին 7–8 ամսվա ընթացքում էին, կարծես թե, ավարտվել է և հիմա ժամանակն է սկսել արդարացնել գերսպասումները»,–ընդգծեց մեր զրուցակիցը:
Ըստ Վ. Հակոբյանի՝ եթե իշխանությունները որոշակի քայլերի չգնան, կարելի է ասել, որ ժամանակն անցնում է հեղափոխական գերսպասումները կամ հեղափոխական էյֆորիան մաշեցնելու վրա: «Խնդիրները կսրվեն, եթե իշխանությունները հիմա չսկսեն կոնկրետ արդյունքներ կամ գոնե մեսիջներ տալ... եթե չերևան համակարգային փոփոխությունների գոնե ծիլերը. մեծ հաշվով՝ ոչ թե այս րոպեի համար էպիզոդիկ փոփոխություններ, ինչ–որ պոպուլիստական բաներ, այլ իսկապես համակարգային փոփոխություններ: Համենայն դեպս, կարծում եմ, որ մոտակա ամիսներին՝ առավելագույնը մինչև ամառ, իշխանությունը հստակ պետք է ցույց տա խոսքից գործի անցնելու իր կարողությունները և վճռականությունը»,– ասաց նա:
Վիգեն Հակոբյանի խոսքով, այն լծակները, որոնք կան իշխանության մոտ, օգտագործվում էին ավելի շատ ոչ թե էֆեկտիվ կառավարման, այլ եղած իշխանությունն էլ ավելի ամրապնդելու համար:
«Սկզբնական փուլում գործադիր իշխանությունն էր նոր իշխանությունների ձեռքում: Հետո աստիճանաբար և բավականին կարճ ժամանակահատվածում, փաստացի, ամբողջ իշխանությունը գոնե ֆորմալ առումով կենտրոնացավ մի քաղաքական ուժի ձեռքում: Ես կարծում եմ՝ ամեն դեպքում կարող ենք փաստել, որ առայժմ հստակ չի ուրվագծվում տնտեսական քաղաքականությունը, չի ուրվագծվել նաև արտաքին քաղաքականությունը: Ընդհանրապես, առայժմ բավականին ամորֆ տեսարան է: Եվ այդ տեսարանը բավականին լավատեսական՝ բարիդրացիական տրամադրված հասարակության ֆոնի վրա է: Մայիսից մինչ օրս հասարակությունը բավականին էյֆորիկ լավատեսությամբ է տրամադրված նոր իշխանության հանդեպ: Այդ ֆոնը պահպանվում է, թեպետ էյֆորիկ տրամադրություններում արդեն իսկ անկում է նկատվում: Կարծում եմ՝ դա նկատում են նաև անձամբ վարչապետն ու իշխանությունները: Հաշվի առնելով, որ վերջին «live»–երում վարչապետը երբեմն անգամ որոշ խնդիրների բավականին նյարդային է մոտենում, այդ թվում՝ փողոց փակելուն, որոշ պահանջատիրական դրսևորումների մասով, կարելի է ասել, որ ինքը ևս հասկանում է, որ նոր իշխանության համար հասարակության կողմից սահմանված այդ «կոմֆորտի զոնան», «քաղաքական կարանտինը», կարծես թե, մոտեցել է ավարտին»,–նշեց նա:
Քաղտեխնոլոգն ընդգծեց՝ օգտագործելով նաև հասարակական վստահությունը, նաև լեգիտիմությունը՝ այսօրվա իշխանություններին հիմա ոչինչ չի խանգարում իրագործել այն ծրագրերը, որոնց մասին հռչակել էր դեռ ամիսներ առաջ:
«Ոչինչ չի խանգարում դրանց ռեալ բովանդակություն տալ, լոզունգային մակարդակից անցնել կոնկրետ գործողությունների: Իրենք պետք է հասկանան, որ այն հասարակությունը, որը կար մեկ տարի առաջ ու կա հիմա, բոլորովին ուրիշ է: Հասարակությունը, որն իսկապես որոշ գործընթացների մասնակից է դարձել, հիմա իշխանությունների յուրաքանչյուր գործողություն դիտարկում է խոշորացույցի տակ: Օրինակը պարգևատրումներին, խորհրդարանում ոմանց շոուներին, ելույթներին տրված արձագանքն է: Այսինքն՝ չկա անտարբերությունը: Եթե նախկինում «շմայսները», «մանվելները», «սեյրանները» և այլ հայտնի դեմքեր կարող էին խոսել այն, ինչ ուզեին, և դա ընդամենը օրվա անցուդարձը, օրվա շոուն լիներ, և մարդիկ որևէ վերաբերմունք չունենային, որովհետև կար ապատիա, ապա հիմա այլ է: Հիմա փորձում են պահանջել իշխանությունից: Այն իշխանությունից, որը հայտարարել է նաև, որ ժողովուրդն է իշխանության բերել այս ուժին»,–նշեց քաղտեխնոլոգը:
Ինչ վերաբերում է բացթողումների և սխալների վերաբերյալ իշխանության արձագանքին, Վիգեն Հակոբյանը նշեց.
«Կուզեի, որ բարձրաձայնվող բուն խնդիրներին իրենց արձագանքը լիներ նույնքան օպերատիվ, նույնքան ագրեսիվ՝ խնդիրները լուծելու առումով, որքան ագրեսիվ են տրամադրված լինում այդ քննադատական հարցերը բարձրաձայնողների նկատմամբ: Ես կուզեի, որ նույնքան ֆանատիկորեն արձագանքեին բարձրացված խնդրի լուծմանը, որքան երբեմն նաև ֆանատիկորեն արձագանքում են այն անձանց, որոնք ասում են, թե այսօրվա իշխանության աչքի վերևն ունք կա»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում