Թղթերով ամեն ինչ նորմալ է.երբ սիրելի «կռուտիտն» օրենքն է. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ինքնապարգևատրումների հայտնի թեմային, նշել է, թե մարզպետները գործել են օրենքի շրջանակներում: Ընդհանրապես, իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում էին տարբեր ձևաչափերով համոզել հանրությանը, որ պարգևատրումներում որևէ խնդիր չկա, ամեն ինչ օրինական է: Կային այնպիսինները, որոնք նույնիսկ քննադատելով պարգևատրումների հանգամանքը՝ չէին մոռանում հավելել, որ ամեն ինչ, միևնույն է, օրենքի շրջանակներում է:
Խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ, օրինակ, գնաց ավելի հեռուն և հայտարարեց, որ ամեն ինչ ոչ միայն օրինական է, այլև մարզպետները իներցիայով են պարգևավճարներ տվել: Այսինքն, ևս մեկ փաստարկ ավելացրեց պարգևավճարներն արդարացնելու համար: Իմիջիայլոց, տիկին Նազարյանը նաև ԱԺ–ում լրագրողներին հորդորել էր իրենից հեռախոսով հարցազրույց չվերցնել: Տողատակը պարզ է՝ հարցազրույց պետք է վերցնել միայն մեծ և պրոֆեսիոնալ տեսախցիկով, ինչպես հարիր է «նորմալ» ԶԼՄ–ներին: Առաջին հայացքից հեռախոսով հարցազրույց վերցնելու թեման որևէ կապ չունի պարգևավճարների թեմայի հետ, սակայն՝ միայն առաջին հայացքից: Իրականում գործ ունենք նույն խնդրի տարբեր դրսևորումների հետ:
Իշխանությունները փաստացի չափից շուտ ու չափից շատ դարձել են ֆորմալիստական մոտեցման երկրպագու, սկսել են նախընտրել ձևը բովանդակությունից: Անվերջ մեջբերումներն օրենքի մասին դրա վկայությունն են: Ի՞նչ է նշանակում մարզպետներն օրենքի շրջանակներում են գործել: Սերժ Սարգսյանն էլ էր օրենքի շրջանակում գործում, երբ, օրինակ, առաջադրվում էր վարչապետի պաշտոնում: Նույն օրենքի շրջանակներում նա նախաձեռնում էր Սահմանադրության փոփոխություն, որպեսզի շարունակի երրորդ ժամկետով կառավարել: Կամ նույն օրենքին, ֆորմալիստական տրամաբանությանը հղում անելով էր Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում ԵԼՔ խմբակցության հավաքած տոկոսների մասին հայտնի երկխոսության ժամանակ:
Նույն Սերժ Սարգսյանը ժամանակին նշում էր, թե թղթերով ամեն ինչ նորմալ է ՀՀԿ– ական գործարարների հետ: Այսինքն, զուտ ձևական, օրենքի մակարդակում ամեն ինչ կարգին էր: Նախորդ համակարգի խնդիրն էլ հենց դա էր, որ թղթով և օրենքով ամեն ինչ կարգին էր, բայց բովանդակության հետ, ընդհակառակը, կային լրջագույն խնդիրներ:
Եվ այս իմաստով հատկանշական է, որ պարգևավճարներով հասարակության մտահոգությունը ոչ թե օրենքի, այլ բարոյականության և քաղաքականության դաշտում է: Հենց այս դաշտում պետք է հիմնավորեն իշխանությունները ինքնապարգևատրման դրսևորումները: Իսկ օրենքին հղում անել նշանակում է չունենալ ասելիք: Նույնկերպ իշխանական երիտասարդ պատգամավորները հիմնավորում էին, որ օրենքը թույլ է տալիս նրանց երիտասարդ տարիքում լինել պատգամավոր: Այսինքն, իրենց պատգամավոր լինելու շուրջ կասկածները, որոնց հիմքում նրանց անփորձությունն է, նրանք հերքում էին ոչ թե քաղաքական հիմնավորումներով, այլ պարզապես մեջբերում էին օրենքը, թղթի վրա գրվածը:
Այս կոնտեքստում է նաև Լենա Նազարյանի վերոնշյալ միտքն առ այն, որ իրենից հեռախոսով հարցազրույց չվերցնեն: Այսինքն՝ հեռախոսները, համացանցը, արագ և մոբիլ ինֆորմացիայի հոսքը հեղափոխության օրերին կենսական նշանակություն ունեին, հատկապես ԶԼՄ–ների ահռելի մասի վերահսկելիության պայմաններում, բայց հիմա հանկարծ հեռախոսները դարձան անընդունելի՞:
Օրենքն, անշուշտ, կարևորագույն գործառույթ ունի պետության կյանքում: Բայց նախ օրենքն է մարդու համար, հետո՝ մարդը օրենքի: Երկրորդ՝ հեղափոխություն չէր լինի, եթե քաղաքական գիտակցությունը մնար օրենքի, թղթի վրա գրվածի մակարդակին: Հեղափոխությունը խախտում է այդ թղթի վրա գրվածը ու սահմանում նորը, սահմանում բովանդակայինի գերակայությունը ձևի նկատմամբ, ավելի ստույգ՝ համադրում դրանք: Ցավոք հիմա հեղափոխականները սկսել են նորից ձևը գերադասել բովանդակությանը և առիթ–անառիթ կրկնում են, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում