«Կան ինտենսիվ բանակցություններ, որոնք վճռական փուլ են մտնում». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Արտաքին քաղաքականության դաշտում վերջին շրջանի մի շարք իրադարձություններ այս տիրույթում առկա որոշ զարգացումների մասին են վկայում: Վերջինը Փաշինյան-Ալիև հանդիպումն էր: Դրան նախորդել էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որից հատկապես ուշադրության է արժանի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու շեշտադրումը: Ավելի վաղ՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի խոսքն էր՝ Ադրբեջանի պատրաստակամության մասով: Այս ամենին ավելացնենք նաև Թրամփի շնորհավորանքը: Այս ամենին գումարվեց ավելի թարմ իրողությունը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի զանգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Արտաքին քաղաքականության դաշտում առկա զարգացումներն ու ազդակները քաղաքագետ Երվանդ Բոզոյանը դիտարկում է բացառապես Արցախի խնդրի շուրջ առկա բանակցությունների շրջանակում:
«Փաստացի, կարելի է ասել, որ Արցախի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում: Ես արդեն համոզված եմ, որ այդ ինտենսիվ բանակցությունները մտնում են վճռական փուլ: Թեև հայ հասարակությունը դրա մասին տեղյակ չէ, թեև պաշտոնապես հայտարարվում է, որ բանակցություններ, որպես այդպիսին, չկան, որ ֆորմալ իմաստով դրանք շփումներ են, իրար ծանոթանալու խնդիր, բայց ես համոզված եմ, որ այդպես չէ: Այդպես չէ, որովհետև միջազգային դիտորդների, ինչպես նաև հատկապես Թուրքիայում, Ադրբեջանում և Արևմուտքում առկա արձագանքները հուշում են, որ, այնուամենայնիվ, բանակցություններ ընթանում են: Եվ այդ բանակցություններն էապես տարբերվում են նախորդ բանակցություններից այն իմաստով, որ դրանք խիստ ոչ ստանդարտ բնույթ ունեն, ըստ որի՝ կարող է արձանագրվել շատ լուրջ առաջխաղացում՝ կապված տարածքների վերադարձի և Արցախին ժամանակավոր կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ արտաքին դաշտից եկած ինֆորմացիան արդեն բավարար է, որպեսզի ակնհայտ լինի, թե ինչ հարթակում են ընթանում այդ բանակցությունները: Այդ ինֆորմացիաների շարքում, ըստ նրա, նաև Բոլթոնի հեռախոսազանգն է. «Ինչպես նկատեցինք, զանգ եղել է միայն Նիկոլ Փաշինյանին, իսկ Ալիևին՝ ոչ: Այսինքն՝ արդեն նույնիսկ սիմետրիան չեն պահպանում, որովհետև զիջումների գնալու հիմնական ակնկալիքը Նիկոլ Փաշինյանից է: Սա ակնհայտ է, և կարծում եմ, որ այստեղ հայ հասարակությունն ուղղակիորեն դիտորդի կարգավիճակում է: Ըստ իս, որոշ ժամանակ անց Ն. Փաշինյանն արդեն ստիպված կլինի որոշակի պարզաբանումներ տալ: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս պաշտոնական մակարդակով նրանք արդեն կհայտարարեն, թե ինչ քայլերի են դիմել, և այդ ժամանակ կխոսենք դրանց մասին»:
Նրա դիտարկմամբ, ճիշտ է, բանակցությունները գաղտնի են ընթանում, բայց անկախ այդ ամենից, այդ բանակցությունների արդյունքում դրսի շրջանակներն արդեն պահանջում են, որ հայկական կողմը մասնակիորեն սկսի բացահայտել, թե ինչ է սպասվում հայ հասարակությանը. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ինչ-որ քայլեր պետք է անեն, ասեն, թե ինչ են առաջարկել, և այդ ժամանակ հայ հասարակությունը կհասկանա՝ ինչ է կատարվում»:
Հարցին, թե ի՞նչ գործոններ կարող էին ազդել, որ բանակցությունները, ինչպես քաղաքագետն է նշում, սկսեին ինտենսիվ բնույթ կրել, նա արձագանքեց.
«Այդ հարցի պատասխանը կիմանանք ոչ շատ հեռու ժամանակահատվածում: Փաստացի, կարելի է ասել, որ Ն. Փաշինյանն ակտիվորեն փորձում է այդ խնդրին վերջնական լուծում տալ, հավանաբար՝ ելնելով ինչ-ինչ խնդիրներից: Իսկ թե ի՞նչ խնդիրներից, և ինչո՞ւ է նա շտապում այս խնդրի լուծման առումով, կարծում եմ, կիմանանք առաջիկայում: Բայց նա էապես փոխեց նախկինների այն ռազմավարությունը, որոնք խնդրի արագ լուծմանը գնալու նպատակ չունեին, և խնդիրը սառեցնելով՝ փորձում էին անընդհատ ձգձգել այն: Հարցը հենց այստեղ է»:
Երվանդ Բոզոյանի խոսքով՝ նմանատիպ յուրաքանչյուր բանակցային գործընթաց պետք է գաղտնի լինի, ինչը հասկանալի է. «Բայց բանակցային, այսպես ասած, մուտքի և ելման դիրքերի հետ կապված՝ իրավիճակը գոնե պետք է կանխատեսելի լինի հանրության համար»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում