Ուրիշի փողերը հաշվելիս տրորում ենք նաև բարոյական արժեքները. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին հրապարակ նետված պարգևատրումների թեման այն «բոմբն» էր, որը պետք է հերթական անգամ հասարակության ուշադրությունը իրականությունից շեղեր, դառնար թոփ թեմա և երկար ժամանակ չլքեր դաշտը: Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին էր, որ հավանաբար փորձ է արվում հասարակությանը զբաղեցնել, որպեսզի ավելի կարևոր հարցերի մասին դրական տեղեկություն և էմոցիաներ չստանան և նոր լարվածություն հրահրվի: Եվ, պատկերացրեք՝ ստացվեց:
Համաձայնեք, որ հարցը ձնագնդի էֆեկտ չէր առաջացնի ու այդքան չէր մեծանա, եթե մարզպետներն իրենք իրենց պարգևատրած չլինեին, կամ գոնե համեստ գտնվեին տոկոսների մեջ, քանի որ, իսկապես, մի տեսակ անհասկանալի է սեփական ստորագրությամբ սեփական անձին պարգևատրելու գաղափարի ընդունումը: Խոսքն այստեղ ոչ թե օրենքին, այլ բարոյական սկզբունքին է վերաբերում: Եվ ինչպես տարիներ առաջ սեփական անձին զենքով պարգևատրելը չընկալվեց, բնականաբար, այդպես էլ չէր ընկալվելու հիմա, բայց որ թեման այդքան չարչրկվելու և էժանացվելու էր, դժվար էր պատկերացնել:
Հետաքրքիր է, որ երբ թեման մտավ մայրաքաղաք, բոլորը նույն հարցն ուղղեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, բայց ինչպես նույն բարոյական արժեքներն ու սկզբունքն է պահանջում, նա ուղղակի հրապարակեց, թե համակարգի քանի աշխատակից է պարգևատրվել ու որքան է ընդհանուր գումարը կազմել: Իրավացիորեն հրաժարվեց մեկ առ մեկ նշել այն մարդկանց անուններն, ովքեր Ամանորից առաջ դրամական պարգևատրում էին ստացել: Ինչ վերաբերում է հարցերի հարցին, Մարությանը լիարժեք պատասխանեց՝ ինքն իրեն չի պարգևատրել:
Այնուամենայնիվ, զարմանալի է, որ պարգևավճարների աղմուկի հեղինակները շարունակեցին թեման՝ փոխելով բուն էությունը՝ անունները չհրապարակելը արդյո՞ք անձնական տվյալների դաշտում է, թե՞ ոչ: Թեման թեժ պահողները, սակայն, այդպես էլ ուշադրություն չդարձրեցին այն կարևոր հանգամանքի վրա, որ նոր քաղաքապետի պաշտոնավարման 100 օրերի ընթացքում Երևան քաղաքի համայնքը տնտեսել է շուրջ 7 միլիարդ դրամ գումար, որն իրականում պարգևատրման գումարից 15 անգամ ավելի շատ է:
Շատ հետաքրքիր էր, որ աղմուկի սիրահարներին այդպես էլ չհետաքրքրեց, թե ինչպես է հաջողվել 100 օրում այդքան գումար տնտեսել, ինչի հաշվին և այլն: Այդ դեպքում նրանք պետք է ստիպված լինեին առավելությունների մասին խոսել, ինչը, կարծես, չի տեղավորվում արածը սևացնելու տրամաբանության մեջ և այդքան էլ ձեռնտու չէ մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքողներին:
Ինչ վերաբերում է անձնական տվյալները հրապարակելու՝ Մարությանի կողմից օրենքին հղում անելուն, ապա այստեղ էլ տրամաբանություն կա: Ու եթե օրենքով նման տեղեկություն կարելի է հրապարակել, բայց հարց է ծագում, թե ո՞ւմ է այդքան հետաքրքրում, թե օրինակ այս կամ այն վարչական շրջանի առաջնային օղակի աշխատակիցներից ով ինչքան հավել յալ գումար է տուն տարել: Գուցե դրա մասին չգիտեն անգամ մտերիմները, էլ ուր մնաց ողջ ժողովուրդն իմանա, հետո էլ սկսի ուրիշի գրպանի գումարները հաշվել:
Հարգելիներս, մի պահ կանգ առեք ու պատկերացրեք՝ համաձայն կլինեի՞ք, որ ձեր ստացած գումարների մասին ողջ աշխարհն իմանա, հետո քննարկի ու սկսի ձեր փոխարեն այն «ծախսել», հետո «վերլուծել» և այլն: Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հասարակությունն անցած տարիների ընթացքում այնքան է վարժվել ուրիշի կյանքն ու գրպանը քննարկելու արատավոր մոտեցմանը, որ հիմա արդեն որոշել են չափն անցնել:
Ի վերջո, չի կարելի բարձրաստիճան պաշտոնյային շփոթել ստորին օղակների աշխատակիցների հետ ու պահանջել, որ բոլոր պարգևատրվածների անունները հրապարակվեն: Եվ եթե բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում եկամուտները օրենքով են հայտարարագրվում, ապա ստորին օղակների աշխատակիցների դեպքում նման տեղեկություն հրապարակելն իրոք կարող է բարոյական սկզբունքների խախտում լինել, քանի որ բոլորովին պետք չէ թույլ տալ, որ հասարակությունը մտնի այս կամ այն աշխատակցի գրպանն ու սկսի ուրիշի փողերի գումարում–հանումներով զբաղվել:
Իսկ ինչ վերաբերում է «մեր փողերը» ծախսելու թափանցիկությանը, ապա այս դեպքում պետք է հրապարակվի հստակ գումարի չափն ու ստացած աշխատակիցների քանակը, առանց անվանական նշումների, ինչը և, ի դեպ, արվել է …
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում