«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ չպետք է թողնել երկրի կարևորագույն հարցերը և քննարկել, թե ինչ է պատրաստվում անել կամ անում եռյակը։
«Ես կարծում եմ՝ այս պրոցեսները խանգարում են մեզ նկատել երկրում առկա հիմնական խնդիրները։ Չեմ ուզում ասել , որ եռյակի կամ իշխանությունների միջև կան պայմանավորվածություններ, բայց տեսեք՝ եռյակը պասիվանում է, Սերժ Սարգսյանը եռյակի 12 պահանջները վերադարձնում է օրակարգ։ Չգիտեմ, ինձ համար կարևոր է, որ շատ այլ կարևոր հարցեր անտեսվում են և քննարկվում են այս կամ այն ուժի պասիվանալը կամ ակտիվանալը»,- ասաց Արամ Կարապետյանը Orer.am լրատվականի հետ զրույցում։
Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, նշել էր, որ կփորձի այդ բարեփոխումների շուրջ համախմբել շատ ուժերի՝ այդ թվում նաև արտախորհրդարանական։ Այս կապակցությամբ Արամ Կարապետյանը ասաց, որ դեռ նման քննարկման առաջարկ չի ստացել:
«Մեր կուսակցությունը դեռ առաջարկ չի ստացել, սակայն ստանալու դեպքում մենք պատրաստ ենք մասնակցել այդ քննարկմանը և հանգամանալից ներկայացնել, թե ինչու պետք չի և ինչու է սխալ հիմա նման բարեփոխումներ իրականացնելը»,- ասաց պարոն Կարապետյանը՝ ավելացնելով, որ սահմանադրական բարեփոխումները ևս առաջնային խնդիր են, որը այս պահին կարծես երկրորդ պլան է մղված։Զեմֆիրա Քալաշյան