Կարասինը «գաղտնազերծում» է
АналитикаՈրքան էլ Նիկոլ Փաշինյանը գաղտնիության քողի տակ պահի ղարաբաղյան բանակցություններում քննարկվող «նյութը», բոլոր զարգացումները հուշում են, որ այս հարցում շտապողականությունը մեծ է, իսկ դա ենթադրում է, որ կոնկրետ հարցերի շուրջ է քննարկումը գնում։ Սրա մասին է խոսում նաև Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի նախօրեին արված հայտարարությունը, թե Փաշինյանն ու Ալիևն առաջիկայում հանդիպելու են։
Ընդամենը մի քանի օր առաջ իբր հանպատրաստից, Դավոսում Փաշինյանի և Ալիևի մեկուկես ժամ հանդիպումից հետո առաջիկայում նոր հանդիպման մասին է խոսվում։ Ակնհայտ է, որ հաստատ Ադրբեջանում հեղափոխական տրամադրություններից չեն խոսելու, այլ կոնկրետ լուծման տարբերակից, առավել ևս որ նախորդ անգամ բանակցությունների պատմությունն արդեն Փաշինյանին Ալիևը ներկայացրել է։Ավելին, լինելու է նաև հանդիպում արտգործնախարարների մակարդակով, այսինքն արագացված բանակցությունների փաստն անհերքելի է։
Կարասինը մի ուշագրավ դիտարկում էլ է արել. «Հանդիպումները պետք է լինեն լավ նախապատրաստված, որպեսզի լինեն բովանդակային՝ սուբստանտիվ և ռեալ արդյունքներ ապահովեն առաջ շարժվելու համար»։ Սա նշանակում է, որ հարցով շահագրգիռ տերությունները երկու կողմերից սպասում են կոնկրետ առաջարկներ, որոնց շուրջ համաձայնությունների պիտի գալ։ Մինչ դեռ հայ հասարակությունն անգամ այս ամիսներին չիմացավ, թե որն է այս իշխանության տեսլականը, խնդրի լուծման հստակ տարբերակը, էլ ուր մնաց կոնկրետ ձևակերպված միասնական մոտեցում իշխանության կողմից ակնկալել։ Այսօր բանակցությունների բովանդակությունից Հայաստանում տեղյակ է մեկ մարդ։Արտգործնախարարն էլ չգիտի, քանի որ վերջին հանդիպման վերաբերյալ նրա ու Փաշինյանի մեկնաբանությունները բավականին տարբեր էին։
Անդրանիկ Հարությունյան