Ուղի՞ղ, թե՞ ծուռ ժողովրդավարություն. իշխանությունը բախվեց հեղափոխությանը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
2018թ. դեկտեմբերի 18–ին Ջերմուկ համայնքի ավագանին 3000 ջերմուկցիների ստորագրության հիման վրա ընդունել է որոշում առ այն, որ Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունն արգելվում է, և համայնքն էկո–տնտեսական տարածք է հայտարարվում: Այլ կերպ ասած՝ սա որոշում է, որն ընդունել է Ամուլսարի հայտնի հանքավայրի շուրջ առաջացած աղմուկի հետևանքով: Այդ որոշումը կարելի է համարելի ջերմուկցիների դիրքորոշումը հանքավայրի շահագործման հետ կապված, անկախ այն հանգամանքից, որ որոշումը հետադարձ ուժ չունի ու արդեն գործող հանքավայրի վրա չի տարածվում:
Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ տարածքային կառավարման նախարարությունից Վայոց ձորի մարզպետարանին է հանձնարարվել դիմել Ջերմուկի քաղաքապետին, որպեսզի ավագանու նիստում քննարկվի այդ որոշումը փոխելու կամ բեկանելու հարցը: Ջերմուկի ավագանու՝ նախօրեի նիստում այդ առաջարկությունը մերժվել է: Իր հերթին տարածքային կառավարման նախարարությունը պարզաբանում է տարածել, որում պնդում է, որ ավագանին չունի նման որոշում ընդունելու լիազորություն:
Մի կողմ թողնելով խնդրի իրավական կողմը՝ հարկ ենք համարում անդրադառնալ դրա քաղաքական կողմին: Իսկ խնդիրը, մեծ հաշվով, առավելապես քաղաքական է, քան իրավական: Փաստացի Ջերմուկ համայնքի բնակիչներն ու ավագանու անդամները իրացրել են ուղիղ ժողովրդավարություն: Այսինքն, որոշում են կայացրել ՏԻՄ մակարդակով: Դրա իրավունքը նոր չէ, որ նրանք ու ընդհանրապես համայնքներն ունեին: Պարզապես նախկինում որոշումների կայացման հստակ հիերարխիա էր գործում՝ վերևից ներքև:
Հեղափոխությունից հետո այդ հիերարխիան ոչ միայն չկա, այլև Փաշինյանի կողմից հայտարարվել, ինչպես նաև հեղափոխության օրերին, այնուհետ էլ նախընտրական ծրագրում արձանագրվել է ուղիղ ժողովրդավարության էլեմենտների ներդրումը: Սա իրենից ենթադրում է, որ բազմաթիվ որոշումներ կայացվելու են պետական և տեղական հանրաքվեներով, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններն են կայացնելու որոշումներ՝ կրկին հիմնվելով հասարակության կամարտահայտության վրա:
Ինչքանո՞վ է այս մոդելը կիրառելի կամ արդյունավետ Հայաստանի դեպքում, այլ քննարկման թեմա է: Փաստացի, սակայն, ուղիղ ժողովրդավարության մասին խոսվել է թե՛ հեղափոխության օրերին, թե՛ դրանից հետո: Խնդիրը պարզապես այն է, որ կենտրոնական իշխանությունները բավարարվել են միայն դրա մասին խոսելով, իսկ որոշ տեղերում անցել են գործի: Ավելին՝ վերջին շրջանի ազդակները հուշում են, որ իշխանությունը կամաց–կամաց հետ է կանգնում ուղիղ ժողովրդավարության կոնցեպտից ու անցնում է ներկայացուցչական ժողովրդավարության նորմին, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Վերջին ուղիղ եթերներից մեկի ժամանակ Փաշինյանը հենց ներկայացուցչական դեմոկրատիային էր հղում անում, երբ խոսում էր պատեհ–անպատեհ բողոքի ցույց անողների մասին՝ նշելով, որ իրենք իրենց ընտրությունն արդեն արել են, վստահել են իրենց քվեն իշխանություններին:
Փաստացի տեսնում ենք, որ համաժողովրդականության արդյունքում առաջ բերված ուղիղ ժողովրդավարության կոնցեպտն իշխանությունների կողմից փոխարինվում է նոմենկլատուրային ներկայացուցչական դեմոկրատիայի կոնցեպտով, ավելին՝ համաժողովրդականությունը փոխարինվում է նեոլիբերալ դիսկուրսով: Այս դիսկուրսն ամրապնդվում է մի կողմից «ժողովրդին պատրաստել խաղաղության» տիպի ձևակերպումների շուրջ բանակցելով, մեկ այլ կողմից, օրինակ, բնապահպանության և ընդերքի տեսչության պետ Արթուր Գրիգորյանին աշխատանքից ազատելու առեղծվածային պատմությամբ:
Խնդիրը, մեծ հաշվով, ժողովրդավարության ձևերի միջև համեմատությունը չէ, ոչ էլ այդ ձևերի ներդաշնակեցումը Հայաստանի քաղաքական միջավայրին: Խնդիրն այն է, որ իշխանությունները կամաց–կամաց բախվում են իրենց իսկ հռչակած արժեքներին, մանիֆեստներին, նորմերին: Բախվում են նաև, որովհետև այդպես էլ որևէ հստակ օրակարգ բացի «մերժիր Սերժին»–ից չձևակերպվեց ու ստեղծվեց մանևրելու ահռելի տարածություն: Այս անհստակությունը դանդաղ վերածվում է բախման հեղափոխության և հեղափոխական իշխանության միջև:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում