Ֆեյսբուքյան նամականի. պայքա՞ր, թե՞ «բառդակ» իշխանության ներսում. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի պետական օրհներգի փոփոխության մասին քննարկումները բավականին հետաքրքիր շերտեր բացահայտեցին ոչ միայն հասարակության և իշխանության գեղագիտական մոտեցումների և դրանց միջև առկա համաձայնությունների ու հակասությունների, այլև հենց իշխանության ներսում եղած հակասությունների առումով: Օրհներգի փոփոխությունն, իհարկե, առիթ էր, պատճառն ավելի խորքային է: Այդ առիթը, սակայն, ցույց տվեց, թե ինչպիսին է իշխանության ներքին խոհանոցը:
Օրհներգի փոփոխությունների շուրջ քննարկումները վերածվեցին ներիշխանական ֆեյսբուքյան հակադրությունների, եղան դեպքեր, երբ իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետ սկսեցին հարաբերվել ֆեյսբուքյան բաց նամակներով կամ բավական սուր, ներթիմային սոլիդարության սահմանն ակնհայտորեն խախտող մեկնաբանություններով: Սա, իհարկե, փաթեթավորվում է որպես ներքին դեմոկրատիա, կամ, ինչպես ընդունված է ասել, ներիշխանական ընդդիմության առկայություն:
Սակայն ֆեյսբուքյան այս փոխհրաձգություններից զատ, նկատվում է նաև որոշակի անհամատեղելիություն հնչող հայտարարությունների մասով: Օրինակ, մի դեպքում հայտարարվում է, որ օրհներգի փոփոխության հարցը կքննարկվի խմբակցությունում, մեկ այլ դեպքում հայտարարվում է, որ խմբակցությունում այդ հարցը չի քննարկվի: Կառավարությունն էլ իր հերթին է փոխվարչապետներից մեկի գրասենյակի ղեկավարի մակարդակով տեղեկացնում, որ նման հարց քննարկման դրված չէ գործադիրում: Այսինքն, ոչ միայն չկա ներկուսակցական հստակ դիրքորոշում կոնկրետ հարցի վերաբերյալ, այլև չկա հստակեցված ընթացակարգ: Կամ պարզ ասած՝ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, բայց այս չիմացությունը ներկայացվում է որպես ներկուսակցական դեմոկրատիա:
Ներկուսակցական դեմոկրատիան ու կարծիքների բազմազանությունն, անշուշտ, ողջունելի երևույթներ են: Սակայն սրանք վերացական հասկացություններ չեն, այլ կոնկրետ մեխանիզմներ ու մշակույթ, որոնք յուրացվել են արևմտյան քաղաքական, կուսակցական համակարգերի կողմից: Արևուտքում էլ խոշոր կուսակցությունների ներսում կան հակադիր թևեր, բայց այդ հակադրությունը հիմնվում է շատ կոնկրետ հայեցակարգային տարբերությունների վրա և արտահայտվում շատ կոնկրետ ընթացակարգերով, օրինակ, ներկուսակցական ընտրություններով ու դեբատներով: Ո՛չ ՔՊ–ում, ո՛չ էլ «Իմ քայլի» ցուցակը կազմելիս որևէ նման ընթացակարգ չի ներմուծվել: Թիմը, այնուհետ նաև խմբակցությունը կազմվել է Փաշինյանի և նեղ շրջանակի հայեցողությամբ: Հետևաբար ցանկացած ներքին անհամաձայնություն, իսկ դրանք վստահաբար քիչ չեն, առանց ներկուսակցական դեմոկրատիայի հստակ ընթացակարգերի, պարզապես վերածվում է անձնական, շահադիտական, իշխանության համար մղվող պայքարի կոնտեքստում արվող սակարկման:
Իշխանության ներսում, սակայն, անհամաձայնությունների այս շքերթը չի սահմանափակվում միայն քաղաքական թիմով, այն դառնում է ընդհանրապես միջգերատեսչական հակամարտությունների առիթ, և պարգևավճարների հայտնի թեման դրա վառ ապացույցներից մեկն է: Ասել է թե, բացի Նիկոլ Փաշինյանի անձից ու նրա լեգիտիմության շուրջ միաբանությունից, այլ առանցք իշխանությունն այս պահին չունի , և գտնվում է անվերջ ներքին հակամարտությունների պրոցեսում: Թե ուր կարող է սա տանել, մենք շատ լավ գիտենք նախորդ իշխանության փորձից: Մի կողմից միմյանց դեմ արվող տեղեկատվական արտահոսքեր, որոնք ներքին կոնֆլիկտների արդյունքն են, մեկ այլ կողմից՝ Սերժ Սարգսյան, որ հանդես էր գալիս այդ կոնֆլիկտները կարգավորողի դերում և դրա դիմաց ստանում էր հլու–հնազանդ և իրենից կախված համակարգ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում