Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է
КультураԱյսօր հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան օրն է 1885 թվականի փետրվարյան այս օրը Ջավախքի Գանձա գյուղում ծնվեց Վահան Տերյանը մեծ քնարերգու, նաև հասարակական-քաղաքական գործիչ, ով իր կարճատև կյանքի 35 տարիների ընթացքում ստեղծեց մի պոեզիա, որը յուրքանչյուրին տանում է դեպի երկինք, պոեզիա, որը հայ քնարերգությունը բարձրացրեց ու հասցրեց եվրոպական ու ռուսական հարուստ գրականության նշաձողին։ Տերյանի ծննդյան օրը տերյանասերներն ավանդույթի համաձայն համախմբվում են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, բանաստեղծի շիրիմի շուրջ։ Այս տարի նշում ենք Վահան Տերյանի 134-րդ տարեդարձը: Դժվարին կյանք ապրեց Վահան Տերյանը, կյանքից հեռացավ շատ անժամանակ, բայց հայ քնարերգությանը հաղորդեց մի այնպիսի թարմ շունչ, որ անհնարին է պատկերացնել իր և հետագա ժամանակների հայ պոեզիան առանց նրա լուսավոր ներկայության։ Տերյանն անփոխարինելի է նաև նրանով, որ առաջին իսկ գրքով ստեղծեց հետևորդների մի մեծ խումբ, որի ներկայացուցիչները ձևավորեցին Վահան Տերյանի գրական դպրոցը։ Գեղարվեստական ճանապարհ բաց անող այդպիսի մշակութային առաքելություն շատ քչերին է վիճակվում։ Ահա այդ քչերից մեկը Վահան Տերյանն է։ Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։ 1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։ 1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։ 1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։ 1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։ 1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։ Տերյանն այն քիչ երջանիկ բանաստեղծներից է, ում դեռ ճանաչում և սիրում են երիտասարդները։ Հոգևոր սովի մեր օրերում էլ շատերը սիրում ու տառապում, կորցնում, փնտրում և իրնեց հոգևոր գոյությունն իմաստավորում են տերյանական պատկերներով: