Ադրբեջանը պետք է հրաժարվի «սեւ ցուցակի» պրակտիկայից. «Թղթակիցներ առանց սահմանների»
ОбществоԱդրբեջանը պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղ այցելության համար «սեւ ցուցակի» պրակտիկայից: Այդ կարծիքն է արտահայտել «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի մասնաճյուղի ղեկավար Յոհան Բիրը Ֆրանսիայի ԱԳՆ-ի կազմակերպած մամլո շրջագայության շրջանակներում Հայաստանից ժամանակ լրագրողների հետ զրույցում:
Պատասխանելով «սեւ ցուցակի» եւ ռուսական բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին հարցին՝ միջազգային կազմակերպության ներկայացուցիչը համաձայնել է, որ իրավիճակն աննորմալ է: «Մենք բազմիցս ելույթ ենք ունեցել դրա դեմ, կոչ ենք արել Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել «սեւ ցուցակի» պրակտիկայից: Լրագրողների կողմից հակամարտող տարածաշրջաններ այցելությունները չափազանց կարեւոր են իրադարձությունները լուսաբանելու համար»,-նշել է մասնաճյուղի ղեկավարը: Նա հիշեցրել է, որ այցելությունների համար թույլտվություն ստանալու ադրբեջանական կողմի պահանջը շատ բարդացնում է այդ գործընթացը, եւ դեռ պարզ չէ՝ լրագրողներին կթույլատրեն, թե ոչ: «Մենք բոլոր երկրներին կոչ ենք անում ըմբռնումով վերաբերվել լրագրողների աշխատանքին եւ ապահովել հակամարտության գոտիներում նրանց ներկայությունը»,-ընդգծել է Բիրը՝ հավելելով, որ այս կամ այն տարածք այցելելու արգելքը ինքնատիպ գրաքննություն է: