«Եթե այս տեմպը շարունակվի, մոտ ապագայում նույնիսկ մի քանի հարյուր գիտաշխատող չենք ունենա». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության ծրագրում հատված կա նաև գիտության վերաբերյալ, որտեղ ընդգծվել է մասնավորապես գիտության ֆինանսավորման արդյունավետության, ինչպես նաև երիտասարդ գիտնականների համար Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծելու մասին: Առանձին կետով նշվել է նաև Հայաստանի զարգացման ծրագրերում արտասահմանում գտնվող հայ գիտնականներին ներգրավելու, ինչպես նաև Հայաստանի գիտության ոլորտը միջազգայնորեն մրցունակ դարձնելու մասին:
Խոսելով ծրագրում առկա դրույթների իրատեսականության մասին՝ մեզ հետ զրույցում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը նախ շեշտեց, որ ծրագրի իրատեսականությունը գնահատելու համար պետք է երկու գործոն հաշվի առնել:
«Ծրագրի չափելի նպատակները և ժամանակացույցը այդ երկու գործոններն են, որոնց ընթացքում դրանք իրագործվելու են: Կառավարության ծրագրում դրանք ուղղակի բացակայում են: Այն, կարծես, բարի ցանկությունների թվարկում լինի, որոնք կարող են և՛ իրագործվել, և, ինչպես անցյալում, որպես ցանկություններ մնալ թղթի վրա: Ի դեպ, եթե նայենք նախորդ տարիների կառավարության ծրագրերը, դրանք նույնպես չեն ունեցել նորմալ ժամանակացույց, բացառությունը, երևի թե, 2016 թվականի ծրագիրն էր, որում հստակ թվականներ էին նշված»,– ասաց Հ. Զաքարյանը:
Նա առանձնացրել է մի քանի հանգամանք, որոնք կարևոր են, առաջնահերթ, բայց չեն արտացոլվել ծրագրում:
«Ո՞րն է գիտության ոլորտի ամենամեծ խնդիրը՝ շատ փոքր ֆինանսավորումը: Եվ այդ խնդիրը ո՛չ այս, ո՛չ էլ նախորդ կառավարությունների ծրագրերում չի երևում: Առաջիկա հինգ տարվա ընթացքում կառավարությունն արդյոք ծրագրո՞ւմ է ավելացնել գիտության ֆինանսավորումը: Ծրագրից դա պարզ չէ: Մենք այսօր հասել ենք հատակին: Ոլորտի տարբեր ցուցանիշներով կա՛մ հետընթաց է, կա՛մ լճացած վիճակ: Օրինակ, վերջին հինգ տարվա ընթացքում միջազգային պարբերականներում մեր հոդվածների թիվը չի ավելանում, և եթե առաջ Անդրկովկասում առաջինն էինք այդ ցուցանիշով, 2017 թվականից արդեն վերջինն ենք: Գիտաշխատողների թիվը վերջին 30 տարվա կտրվածքով հասել է իր նվազագույնին, իսկ եթե այս տեմպերով շարունակի նվազել, ապա մոտ ապագայում մենք այլևս նույնիսկ մի քանի հարյուր գիտաշխատող չենք ունենա: Կառավարության ծրագրում նշված է, որ պետք է ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների գործունեության համար: Հիանալի է: Դեռևս 2012 թվականին կառավարությունը պետք է ընդուներ երիտասարդ գիտնականների աջակցության ռազմավարություն: Հետո պարզվեց, որ գումար չկա նման բանի համար: Վեց տարի անց՝ 2018 թվականին, նորից հիշեցին ռազմավարության մասին, բայց ապրիլի 23– ից հետո մոռացան»,–ասաց նա՝ հավելելով, որ քանի դեռ Հայաստանում մի քանի հարյուր երիտասարդ գիտաշխատողներ են մնացել,առաջարկում է ընդունել վերոնշյալ ռազմավարությունը՝ հստակ և չափելի քայլերով և ժամանակացույցով:
Հովակիմ Զաքարյանը շեշտեց նաև, որ ֆինանսավորման արդյունավետության բարձրացման խնդիրը շատ կարևոր է.«Մենք տարիներ շարունակ ունենք մի վիճակ, երբ արդյունավետ և ոչ արդյունավետ աշխատող գիտական կազմակերպությունները նույն կերպ են ֆինանսավորվում: Դա այն խաղի կանոնն էր, որը որոշվել էր Գիտության կոմիտեի կողմից: Ուրախ եմ, որ այսքան տարի անց նրանք փոխում են իրենց մոտեցումները»:
Իսկ թե մեծ հաշվով ի՞նչ է պետք ծրագրում առկա դրույթներն իրականություն դարձնելու համար, Հովակիմ Զաքարյանն ընդգծեց, որ 21–րդ դարում ցանկացած հասարակության բարեկեցությունը ուղիղ կապված է գիտելիքի հանդեպ հասարակության վերաբերմունքից:
«Եթե դուք, որպես հասարակություն, ունեք գիտելիքի փոխանցման արդյունավետ մեխանիզմներ, կարողանում եք ստեղծել նոր գիտելիք և նյութականացնել այն, ուրեմն՝ դուք բարեկեցիկ հասարակություն եք: Այսօր մեր հասարակության և պետության համար առավել քան կարևոր է վերաիմաստավորել գիտելիքի դերը սեփական բարեկեցության ստեղծման հարցում: Դրանից հետո ցանկացած ծրագիր կդառնա շատ իրատեսական և օգտակար»,–եզրափակեց նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում