Հայաստանը և իր «12 առաքյալները»
АналитикаԱյսօր կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվեց ԱԺ. դե իսկ մինչ այդ հաստատվեց կառավարության կառուցվածքը` 12 նախարարություններով: Կարող ենք վստահաբար ֆիքսել, որ ծրագիրը 99 % ընդունված է, առավել ևս որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզակի հաստատակամություն ունի որևէ առաջարկ չընդունելու` թե ծրագրի, թե կառուցվածքի դեպքում: Համարեք` ամեն ինչ իդեալական է: Համարեք, որ ծրագրում չկա թիվ, բայց համաձայնեք՝ էականը ոգին է: Իսկ ոգին ինքն իրեն գերազանցելու իր գլխից բարձր է ցատկել: Համարեք նույնիսկ, որ իր նախընտրած կառուցվածքով կառավարությունն ի վիճակի է իր «ոգեղեն» ծրագիրը 5 տարում իրականացնել: Մեկ է` չկա թիվ ու չկան ժամկետներ, որ 2020-ին կամ 2021-ին որևէ տկարամիտ կամ քաղաքական տհաս օրինակ բերի ու հարցնի` ինչու՞ չեք կատարել:
Մի պահ պատկերացնենք, որ Հայաստանում ավարտվում է ճահճացման դարաշրջանն ու հեղափոխական զարգացումները կասեցնել գործնականում հնարավոր չէ: Հենց այստեղ առաջանում են մի շարք հարցեր՝ իսկ կրճատումնե՞րը: Դա օբյեկտիվ ռեալություն է: Ի վերջո, ու՞մ համար է գաղտնիք, որ տասնամյակներով պետական կառավարման համակարգն ուռճացվել է ու դարձել պետական գանձարանի տզրուկ: Ոչինչ, որ հազարավոր պատահականների հետ աշխատանքից կազատվեն հարյուրավոր անհրաժեշտները` տաշած քարը գետնին չի մնա: Բոլորս գիտենք, որ Հայաստանն ուղեղների դոնոր է այն երկրների համար, որտեղ գնահատվում են միտքն ու փորձը, որտեղ ինքնարտահայտման պայմաններ են ստեղծվում ոչ միայն սեփական քաղաքացիների համար: Մենք կշարունակենք ներգաղթ քարոզել: Հընթացս էլ` կպահանջենք ներդրումներ: Որովհետև թավշյա հեղափոխությունից հետո տնտեսական հեղափոխություն ենք անում:
Պարբերաբար շեփորահարվում է, որ երկրում ներդրումներ կան ու կլինեն, որովհետև չեն կարող չլինել, քանի որ ՀՀ-ում կոռուպցիան վերացվա՞ծ է: Հայաստանն ինքնիշխան երկի՞ր է` անկախ արտաքին ու ներքին քաղաքականությամբ: Դասական զրպարտություն է, որ ոչ մի խելքը գլխին բիզնեսմեն չի գա մի երկիր, որտեղ ձախողվել են «Լիդիան Արմենիանը», «Սանիթեքը», «Վեոլիաջուրը», «Թեղուտը»… Զրպարտություն է, որ կառավարությունը չգիտի` ո՞րն է գերակա` բնապահպանությու՞նը, թե՞ արդյունաբերությունը:
Մի՞թե սին ու մտացածին են այն հայտարարությունները, որ մեծ ընկերությունների համար Հայաստանը փոքր շուկա է ու հետաքրքրություն չի ներկայացնում. Հայաստանն իր տրամադրության տակ ունի ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի անծայրածիր շուկաները: Ավելի տհաճ զրպարտություն է, որ անցած ամիսներին արտասահմանյան բազում ընկերություններ մեծ գումարներ են կորցրելու հայտնվել իրավապահների տեսադաշտում, և ոչ ոք նրանց հոդաբաշխ պատասխան չի տալիս` դեռ ինչքա՞ն է անորոշության դժոխքը տևելու ու ինչքա՞ն գումարեն դեռ կորցնելու: Չի կարելի արկածախնդրության գնալ ու սուպերիշխանությունը վստահել անփորձ խորհրդարանին կամ 12 առաքյալներին` նախարարների տեսքով: Չի կարելի ոտքի վրա հեղափոխություն անել` տարիների ընթացքում, մաս-մաս, աննկատ, աստիճանաբար, անցնցում, մտածված, հավասարակշռված, նպատակային ու անշտապ ամեն ինչ կարվի: Հետայսու փոփոխությունները պետք է լինեն միայն ու միայն էվոլյուցիոն և ոչ մի դեպքում ռե-էվոլյուցիոն:
Անդրանիկ Հարությունյան