Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է 20%-ով
ЭкономикаՀայաստանից Ռուսաստան արտահանումը 2018թ. ավելացել է ավելի քան 20%-ով՝ կազմելով 666 միլիոն 501.7 հազար դոլար: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետների գնահատմամբ՝ այդ ցուցանիշն ապահովել է նախորդ 3 տարիներին գրանցված աճի շարունակականությունը: Այս մասին հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«Հայաստանից արտահանման ծավալները, մասնավորապես պատրաստի արտադրանքի արտահանումը Ռուսաստան ավելացել է ավելի քան 2 անգամ»,- ասաց Սաֆարյանը:
Նրա խոսքով` հակառակ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի արձանագրած հետընթացին, ավելացել են նաև դեպի Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները:
«Մրգերի արտահանումն ավելացել է մոտ 2 անգամ: Էապես աճել են տեքստիլ արդյունաբերության, ձկնարդյունաբերության ծավալները, և սրանք տպավորիչ թվեր են: Ինչը հուշում է, որ 2019թ. համար այս ոլորտները պետք է լինեն հատուկ ուշադրության կենտրոնում, որովհետև այստեղ,Եվրասիական փորձագիտական ակումբի խորին համոզմամբ, հնարավոր է շարունակական աճ»,- նշեց Արամ Սաֆարյանը:
Նախորդ տարի ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 924 մլն 443.8 հազար դոլար, որը 2017-ի համեմատ աճել է 11.2 տոկոսով: 9.1 տոկոս առևտրաշրջանառության աճ է նկատվել նաև Բելառուսի հետ՝ կազմելով 50 մլն 326.2 հազ. դոլար: Ղազախստանի հետ աճը եղել է աննախադեպ տեմպերով՝ 50 տոկոսով: Առևտրաշրջանառությունն այս երկրի հետ կազմել է 13 մլն 459.2 հազ. դոլար՝ նախորդ տարվա 8 մլն 972.8 հազ. դոլարի համեմատ: ԵԱՏՄ մյուս երկրի Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալը, սակայն, նվազել է մոտ 31 տոկոսով՝ կազմելով ընդամենը 1 մլն 270.7 հազ. դոլար: