Կադրային բանկը՝ սնանկության շեմին. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ 2018 թվականի նոյեմբերի 19–ից առ այսօր կառավարության կադրային բանկը ստացել է երկու հազար երեք հարյուր հիսուն (2350) ինքնակենսագրական (CV): Կադրային բանկում ընդգրկվել է 50 մասնագետ, ըստ ոլորտային ճյուղերի դասակարգում դեռևս չի իրականացվել: Factor.am կայքը հայտնում է, որ նշյալ երկու հազար երեք հարյուր հիսուն անձանցից որևէ մեկը կառավարությունում կամ այլ պետական գերատեսչությունում աշխատանքի դեռևս չի անցել:
Կադրային քաղաքականությանը մենք անդրադառնալու առիթներ ունեցել ենք՝ համարելով այն հետհեղափոխական Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը: Վերոնշյալ տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ խնդրի լուծման բանալի այժմ կառավարությունը չի գտել: Կամ այդ երկու հազարից ավելի ինքնակենսագրականներն են եղել անպիտան, կամ էլ կառավարության չափանիշներն են շատ բարձր: Այլապես դժվար կադրային բանկում ընդգրկվեր 50 մասնագետ:
Կա մեկ այլ հարց ևս, թե որոնք են կադրային բանկով զբաղվող խմբի առաջնահերթությունները, ընդհանրապես ինչ կազմ ունի այդ խումբը: Եթե խմբի կազմը քաղաքական է, ապա բնական է, որ բազմաքանակ ինքնակենսագրականներից ընտրվում է չնչին տոկոսը: Կամ եթե խումբը քաղաքական է, ապա այդ դեպքում կարիք կա՞ արդյոք մասնագիտական ինքնակենսագրական ուղարկելու: Քաղաքական խմբի դեպքում ավելի ազնիվ կլինի կադրային սելեկցիա անել «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցականների ցանկից:
Ընդհանրապես, դժվար է պատկերացնել, թե բազմաոլորտ, բազմաբևեռ կառավարության համար ինչպես է կադրային ընտրություն անցկացնում մեկ հանձնաժողով: Ամենայն հարգանքով հանձնաժողովի կազմի հանդեպ՝ դժվար է պատկերացնել, որ այդ կազմը տիրապետում է պետական աշխատանքի բոլոր ոլորտներին միանգամից:
Իրավիճակի մեկ այլ պարադոքսը ինքնին նման հանձնաժողովի գոյությունն է: Սա շատ նման է, օրինակ, արտաքին գործերի նախարարությանը կից գործող Դիվանագիտական ակադեմիայի պատմությանը: Հայաստանյան մի շարք բուհեր ունեն միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ, բայց այդ ֆակուլտետները բավարար կոմպետենտության ու քանակի կադրեր չեն կարողանում ապահովել արտաքին գերատեսչությանը: ԱԳՆ–ն էլ ստիպված ստեղծում է առանձին կառույց այդ խնդիրը լուծելու համար: Հիմա նույն իրավիճակն է հանձնաժողովի պարագայում: Փաստացի Հայաստանն ունի կրթական և գիտական հիմնարկների ահռելի քանակություն, բայց այդ հիմնարկներից դեպի պետական աշխատանքի անցումը կազմակերպելու համար կարիք կա ԿԳՆ–ից զատ հավել յալ այլ հանձնաժողովի:
Հանձնաժողովի գոյության նպատակահարմարությունը, սակայն, երկրորդական հարց է: Առաջնային է կադրային քաղաքականության հստակ կոնցեպտի հարցը, որն այդպես էլ բաց է մնում: Որպես այդ կոնցեպտի հիմնասյուն, կառավարությունը ներկայացնում է բարձր աշխատավարձը: Ըստ իշխանության, այդ բարձր աշխատավարձի առկայության դեպքում միայն որակյալ կադրերը կաշխատեն պետական ապարատում: Բարձր աշխատավարձը, սակայն, կարևոր, բայց ոչ առաջնային հանգամանք է: Ավելի էական է գործունեության բովանդակությունը, որի տակ, այսպես ասած, պետք է ստորագրեն այդ կադրերը: Ոչ պակաս կարևոր է նաև կադրային շարժունակության կամ արդար ու հստակ խաղի կանոններով կարիերային աճի երաշխիքները:
Թերևս բովանդակության խնդիրն է, որ էականորեն նվազեցրել է կառավարության հետ աշխատել ցանկացողների թիվը վերջին շրջանում: Մարդիկ չեն ցանկանում ստորագրել մի բանի տակ, որն, ըստ իրենց, կամ խնդրահարույց է, կամ անարդյունավետ: Վերջին շրջանում մի շարք պաշտոնյաների ազատման դիմումներում այս հիմնավորումները հաճախ էին հանդիպում, ինչը գալիս է ապացուցելու, որ բարձր աշխատավարձը չէ, որ առաջնային խնդիր է հիմա, այլ իշխանության քաղաքական բովանդակության հարցը, որ շարունակում է մնալ օդում կախված:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում