Սահմանադրական փոփոխության կարիք կա՞, թե՞ ոչ. երկակի վիճակ. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայ ազգային կոնգրեսն օրերս հանդես էր եկել ծրագրային լայնածավալ առաջարկություններով, որոնցից հիմնականը Սահմանադրության փոփոխությունն է՝ վերադարձը կիսանախագահական համակարգին և արտահերթ ընտրությունների անցկացումը: Թե ինչ քաղաքական նպատակներ է հետապնդում Կոնգրեսն այս առաջարկով ու ընդհանրապես վերջին շրջանում աչքի ընկնող ակտիվությամբ, այլ քննարկման թեմա է: Առավել կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանը հիմա ունի Սահմանադրության և կառավարման մոդելի փոփոխության կարիք, թե՞ ոչ: Նիկոլ Փաշինյանն, օրինակ, քարոզարշավի ընթացքում նշում էր, որ առայժմ դրա կարիքը չկա, պետք է փորձել աշխատել գործող մոդելով, ու եթե այն չարդարացնի իրեն ու լինի հասարակական պահանջարկ, ապա մոդելը կփոխվի:
Արդյո՞ք այդ մոդելը չի արդարացրել իրեն վերջին ամիսներին, կամ արդյո՞ք ՀԱԿ–ի առաջարկը հուզում է քաղաքացիներին ու ունի հասարակական լայն պահանջարկ: Դժվար թե: Առայժմ հասարակությանն առավել հուզում է բովանդակային փոփոխությունների բացակայությունն ու շոշափելի արդյունքներում նկատվող դանդաղկոտությունը: Ավելին՝ հասարակությունը ահռելի վստահության մանդատ է տվել իշխանությանը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, և այդ մանդատն այնպիսին է, որ Փաշինյանը սահմանադրական և իրավական որևէ խոչընդոտ այժմ չունի փոփոխություններ իրականացնելու, ինչի մասին հենց ինքը՝ Փաշինյանը, խոսել է ընտրության օրը:
Սակայն խնդիր ներկա կառավարման մոդելի հետ ամեն դեպքում կա: Կա ներդաշնակության խնդիր: Դե յուրե համակարգը խորհրդարանական է, բայց դե ֆակտո կիսանախագահական կամ նախագահական, պարզապես նախագահի լիազորությունները իրացնում է վարչապետը՝ սուպերվարչապետական լիազորություններով՝ մի կողմից, սուպերխարիզմատիկ հանրային ընկալմամբ՝ մեկ այլ կողմից: Տեսականորեն նույնիսկ չի կարելի պատկերացնել մի սցենար, երբ, դիցուք, «Իմ քայլը» խմբակցությունը կամ ՔՊ–ն հետ կանչեն Փաշինյանին վարչապետի պաշտոնից ու առաջարկեն մեկ այլ թեկնածուի: Ինքնին սա միայն ներկայիս իշխանության խնդիրը չէ, սա Հայաստանի բոլոր կուսակցությունների խնդիրն է, բացառությամբ Դաշնակցության: Հայաստանում եղանակ ստեղծող հիմնական քաղաքական ուժերը անձնակենտրոն են, հաճախ նաև անձ–կուսակցություններ: Հատկանշական է, որ քարոզարշավի ժամանակ Փաշինյանը քաղաքացիներին բացատրում էր, որ սրանք նախ վարչապետի, հետո նոր Ազգային ժողովի ընտրություններ են:
Ասել է թե, թղթի վրա գրել ենք այլ բան, բայց այլ է նաև իրականությունը: Ոչ ներդաշնակ վիճակը հղի է վտանգներով, որոնք գուցե հիմա տեսանելի չեն, բայց մի օր տեսանելի կդառնան: Մյուս կողմից էլ, սակայն, այդ ոչ ներդաշնակությունն այժմ չի խոչընդոտում իշխանությանը: Եթե իշխանությունը որոշի գնալ այս կամ այն փոփոխությանը, ապա այդ ներդաշնակության բացակայությունը չէ, որ արգելակելու է գործընթացը: Ասել է թե, խնդիր կա, բայց այն գերխնդիր չէ, ինչպես փորձում է ներկայացնել Հայ ազգային կոնգրեսը:
Կոնգրեսի առաջարկության մեջ վտանգ կա այն իմաստով, որ իշխանությունը կարող է ներքաշվել հերթական դեկորատիվ, բավական ժամանակատար փոփոխությունների շրջափուլ՝ մի կողմ դնելով բովանդակային փոփոխությունները: Արդյունքում կարող է ստացվել այնպես, որ «մինչև ՀԴՄ չտպեք, տնտեսական հեղափոխություն տեղի չի ունենա» ձևակերպմանը փոխարինելու գա «մինչև Սահմանադրությունը չփոխենք, ներդրումներ չեն լինի» ձևակերպումը:
Ի դեպ, ևս մեկ կարևոր հանգամանք կա, որ արժե քննարկել, եթե իշխանություններն ամեն դեպքում ընդունեն ՀԱԿ–ի առաջարկը: Արդյո՞ք տեղին չէր Սահմանադրական փոփոխությունների, Ընտրական նոր օրենսգրքի մշակման գնալ նախքան ընտրությունները, երբ Հայաստանը գտնվում էր խառը քաղաքական ցիկլի մեջ ու կարիք ուներ նոր քաղաքական բովանդակության առանցքների հստակեցման: Հիմա, երբ ընտրություններն արդեն կայացել են, մի կողմից էլ իշխանությունը ստեղծագործական ճգնաժամի մեջ է, Սահմանադրական փոփոխությունների թեման կարող է դառնալ ժամանակ ձգելու, հասարակությանը զբաղեցնելու հերթական հարմար առիթը, առիթ, որ մատուցում է Կոնգրեսը իշխանությանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում