Կիսատությունն ու ձևի գերակայումը բովանդակության հանդեպ. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախորդ իշխանությունների և հասարակության միջև ակնհայտ հաղորդակցային ճգնաժամից հետո նոր իշխանությունների հանրային պահվածքը ողջունվեց հասարակության կողմից: Թե՛ ֆեյսբուքյան լայվերն ու գրառումները, թե՛ հասանելիությունը, մետրո նստելը, փողոցով քայլելը և այլն, էականորեն դրական ընկալման արժանացան՝ անցյալի փորձառության ֆոնին, երբ քաղաքական վերնախավը օտարացել էր հասարակությունից:
Սակայն հաղորդակցության չափաբաժնի չարաշահումը բերեց մի վիճակի, երբ այդ հաղորդակցումը դարձավ ոչ թե ուղղակի հաճելի աղանդեր, ոչ թե քաղաքական բովանդակության արտաքին շերտ, այլ ինքնին քաղաքական բովանդակություն: Դիցուք, Թումանյանի տարեդարձին իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսեցին մեծ գրողի գրական ժառանգությունից տողեր արտասանել կամ կարդալ ու դա դարձրին հանրային սեփականության առարկա: Փաշինյանն էլ ու մի քանի նախարարներ գրքեր էին նվիրում փողոցում անցորդներին: Սրանք ինքնին շատ ողջունելի դրվագներ են:
Բայց թեկուզ հենց գրքի, գիրք կարդալու, գրականության հանդեպ նոր վերաբերմունք ձևավորելու առումով ակնհայտ է, որ սրանք խորքային լուծումներ չեն: Հնարավոր չէ գիրք կարդալ խրախուսել՝ ունենալով անարդյունավետ կրթական համակարգ, աշխատաշուկայից հետ ընկնող գիտություն, հույս ունենալով, որ միայն մեկ կամ մի քանի մարդկանց խարիզման բավարար է այդ արմատական խնդիրը լուծելու համար:
Նույնկերպ, օրինակ, ծխելու դեմ պայքարը հնարավոր չէ իրականացնել բացառապես մեկ նախարարի, թեկուզև հանրության որոշակի շերտերի վստահությունը վայելող նախարարի կողմից չծխող ռեստորանները գովազդելով կամ, առավել ևս, ծխելու դեմ պայքարի միջազգային պրակտիկան առանց մեր միջավայրին համապատասխանեցնելու ներմուծելով: Եթե հաշվի չի առնվում ծխելու սոցիալ–մշակութային ասպեկտը, ապա ծխելու դեմ ամենաարդյունավետ փիառ արշավն անգամ վերջնարդյունքում ձախողվելու է:
Մոտավորապես նույն վիճակն է նաև հիմնի փոփոխության հարցի դեպքում: Երբ չկան փոփոխության համար անհրաժեշտ քաղաքական հիմնավորումներ ու կան միայն գեղագիտական բացատրություններ, այդ փոփոխության նախագիծը ունենալու է ցավոտ հասարակական արձագանք:
Ասել է թե, շատ բաներ առանձին վերցրած, դրվագային իմաստով դրական ու ողջունելի են: Բայց խնդիր կա, թե ինչպիսին է այդ դրվագների ներկայացրած ամբողջական պատկերը: Կա՞ այդ պատկերն արդյոք, թե՞ դրվագն ինքնին փոխարինում է հենց պատկերին: Կա՞ ուսումնասիրություն, թե ինչու հասարակությունը չի սիրում գիրք կարդալ, կամ ինչպե՞ս են դպրոցներում ուսումնասիրում հայ գրականությունը, թե՞ ոչ:
Խոշոր բիզնես ընկերություններում փիառի համար պատասխանատուները կարևորագույն կարգավիճակ ունեն: Սակայն առավել կարևոր է, թե ինչ արտադրանք են նրանք գովազդում: Ինքնին փիառը չի կարող փոխարինել քաղաքական պրոդուկտին, բովանդակությանը, ինչքան էլ այն գեղեցիկ, ազդեցիկ ու դրական լինի: Տպավորություն է ստեղծվում, թե պատկերն ամբողջական չէ, կա միայն պատկերի երևացող արտաքին հատվածը, որից այն կողմ կրկին այդ արտաքին հատվածն է, դրանից էլ այն կողմ էլի նույն արտաքին հատվածը: Քաղաքական բովանդակության ձևավորումն ընդհանրապես, և ոլորտ առ ոլորտ այդ քաղաքականությունների կոնկրետացումը՝ մասնավորապես, այս պահին իշխանության հիմնական ռազմավարական խնդիրներից է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում