ՇՊՀ ռեկտորի համար առաջադրվել է 4 թեկնածու. 2-ի թեկնածությունը չի հաստատվել
ОбществоՇիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար կպայքարեն 4 թեկնածու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Փետրվարի 22-ին, թեկնածություններն առաջադրելու վերջին օրը եւս 3 հոգի իրենց թեկնածությունները առաջադրեցին։ Նրանք են պրոռեկտորի տեղակալ Նազելի Ավետիսյանը, ՇՊՀ ավագ դպրոցի նախկին տնօրեն Մանուշակ Կարապետյանը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Շիրակի մասնաճյուղի դասախոս Անդրանիկ Սարգսյանն է, նաեւ իրենցից առաջ առաջադրված Լուսինե Ֆլջյանը։ Բայց էստեղ խնդիր առաջացավ այն առումով, որ թեկնածուներից 1-ին երեկ ընդունող հանձնաժողովը մերժեց գրանցել, քանի որ տիկին Նազելին ընդամենը 4 տարի 6 ամիս ստաժ ունենալով էր առաջադրել իր թեկնածությունը, դա այն դեպքում, որ հանրային կառավարման ոլորտում պետք է ունենար ամենաքիչը 5 տարվա փորձ։ Խնդիր կար նաեւ մյուս թեկնածուի հետ՝ Մանուշակ Կարապետյանի, որ լինելով դպրոցի տնօրեն, փորձում է իր աշխատած տարիները ներկայացնել որպես բուհական ոլորտի ադմինիստրատիվ ստաժ։ Հիմա ընդունող հանձնաժողովը ճշտում է այդ հարցը»,- ասաց դասախոսը։
Նշենք, որ ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար կարող է առաջադրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան, բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի փորձ:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի պաշտոնում ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը կստանա խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր է 2018 թվականի մայիսի 18-ից, երբ հրաժարական տվեց ռեկտոր Սահակ Մինասյանը։ Մինչ օրս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է նախկին պռոռեկտոր Երվանդ Սերոբյանը: