Էրդողանը քննադատել է Եգիպտոսի նախագահին 9 մարդու մահապատժի ենթարկելու համար
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել է իր եգիպտական գործընկեր Աբդել-Ֆաթահ-ալ-Սիսիին Եգիպտոսում վերջերս տեղի ունեցած մահապատժից հետո՝ հայտարարելով, որ նա հրաժարվում է խոսել «նման մեկի հետ»,-հաղորդում է MIGnews-ը՝ հղում կատարելով The Times of Israel-ին:
«Վերջերս նրանք սպանել են ինը մարդ: Մենք դա չենք կարող ընդունել»,-ասել է Թուրքիայի առաջնորդը շաբաթ CNN-Turk եւ Kanal D հեռուստաալիքներին տված հարցազրույցում՝ նկատի ունենալով չորեքշաբթի ինը մարդու մահապատիժը, որոնք մեղադրվում էին 2015 թվականին Եգիպտոսի գլխավոր դատախազի սպանությունը կազմակերպելու մեջ:
«Իհարկե, մեզ կասեն, որ դա երդվյալ ատենակալների որոշումն է, սակայն այնտեղ դատը, ընտրությունները, այդ ամենն անհեթեթություն էր: Այնտեղ կառավարման ավտորիտար, անգամ տոտալիտար համակարգ է, »,-հավելել է Էրդողանը: «Այժմ ես պատասխանում եմ «Ինչո՞ւ Էրդողանը չի խոսում Սիսիի հետ» հարցին. ես երբեք չեմ խոսի նման մեկի հետ»:
Հարկ է նշել, որ Թուրքիայի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերությունները գրեթե խզվել էին, երբ 2013 թվականին Սիսիի ղեկավարությամբ եգիպտական զինվորականները տապալել էին իսլամիստ-նախագահ Մոհամեդ Մուրսիին՝ Էրդողանի մտերիմ դաշնակցին:
Եգիպտոսում Մուրսիի «Մուսուլման եղբայրությունը» ճանաչվել է անօրեն, սակայն խմբավորման անդամներն ապաստան են գտել Թուրքիայում:
Էրդողանը, որը քննադատել էր Մուրսիի հրաժարականը, երբեմն համեմատում է այդ իրադարձությունը 2016 թվականին իր դեմ անհաջող հեղաշրջման հետ:
Թուրքիայի նախագահը նաեւ կոչ է արել ազատ արձակել Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներին»:
«Նախեւառաջ նա պետք է ազատի բոլոր բանտարկյալներին համընդհանուր համաներման միջոցով: Մինչեւ այդ մարդիկ գտնվում են անազատության մեջ, մենք չենք կարող խոսել Սիսիի հետ»,-ասել է նա:
Էրդողանը հիշատակել է նաեւ արեւմտյան երկրներին, որոնք, նրա խոսքերով, Եգիպտոսի առաջնորդի համար «կարմիր գորգ են փռում» եւ աչք փակում Եգիպտոսում վերջին մահապատժի վրա:
«Մյուս կողմից, երբ խոսքը վերաբերում է մեր երկրում (Թուրքիա) բանտարկված մարդկանց, նրանք բղավում են արյունալի սպանության մասին»,-նշել է Էրդողանը: