Եթե մարդիկ ագռավների ձայներին դիմանում են, ապա արագիլների ձայներին հաստատ կդիմանան. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է՝ Հայաստանում կենդանիներին օգնություն ցույց տվող որևէ պետական մարմին չկա: Հիմա ընթերցողը կմտածի, թե մարդիկ արդեն փրկվել են, մնացել են կենդանիները, բայց իրականում սա խնդիր է, որին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել:
Հարցն ավելի սրվեց, երբ օրերս պարզ դարձավ, որ Արմավիրի մարզում բնակիչները վիրավոր արագիլ էին գտել: Հետո պարզել էին, որ վնասվածքը հրազենից է եղել: Բնակիչները փորձել են նրա կյանքը փրկել, դիմել են տեղի անասնաբույժներին, բայց չի հաջողվել: Օրեր անց արագիլը սատկել է:
Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանում թռչուններին շտապ օգնություն ցուցաբերող որևէ մասնագիտական կառույց չկա: Իրենք մտածում են նաև թռչունների համար վերականգնողական կենտրոն բացել, քանի որ Երևանի կենդանաբանական այգու հնարավորությունները շատ հաճախ չեն բավարարում բոլոր վիրավոր կենդանիներին օգնություն ցույց տալու համար:
Միտքը ծագել է այս տարի, երբ պարզել են, որ վնասված թռչուններին մասնագետները չեն կարողանում ճիշտ օգնություն ցույց տալ: Ի դեպ, միշտ չէ, որ թռչունները հրազենային վնասվածքներ են ստանում: Լինում են նաև մեխանիկական վնասվածքներ, որոնք տեղի են ունենում թռիչքների ժամանակ:
«2014 թվականից մենք զբաղվում ենք արագիլների ուսումնասիրմամբ, նրանց բների տեղադրմամբ և տեղերում հարցումներ իրականացնելով: Անցյալ տարի, երբ տարանք արհեստական պատրաստված բները տեղադրելու, մի կողմից էլեկտրացանցերի ներկայացուցիչները, մյուս կողմից տեղի բնակչությունը փորձեցին շատ լուրջ խոչընդոտել մեզ: Բնակիչների մոտ 60 տոկոսն ասում էր, որ իրենք թույլ չեն տա այդ բները տեղադրենք, կկրակեն կենդանիների վրա, քանի որ բնական բների պատճառով շատ հաճախ հրդեհներ են լինում: Մենք բացատրում էինք, որ նոր բներ ենք բերել, որպեսզի հրդեհ չլինի, և՛ մարդիկ ապահովագրված լինեն հրդեհներից, և՛ կենդանիները: Բայց հասկացանք, որ կա խնդիր, որն այդպես էլ մինչ օրս մնաց բաց: Եվ սա է պատճառը, որ սկսել են կրակել արագիլների վրա»,– ասաց Ս. Ադամյանը:
Արագիլները սովորաբար բարձր սյուների վրա են բույն դնում: Հայաստանում դրանք հիմնականում էլեկտրասյուներն են: Բնական նյութերից պատրաստված բույնը շատ հաճախ դառնում է հրդեհի առաջացման պատճառ: Եվ, փաստորեն, մարդիկ, արագիլների բներն ավելի անվտանգ դարձնելուն աջակցելու փոխարեն, սկսել են նրանց վրա կրակել: Նման ագրեսիվ վերաբերմունքի մասին կազմակերպության անդամներն իմացել են տարբեր համայնքներում հարցումներ իրականացնելու ժամանակ:
Նշենք նաև, որ մեր արագիլներին և բնակչությանը հրդեհներից փրկելու համար արհեստական բներ պատրաստելու և տեղադրելու ծրագիրն իրականացվել է եվրոպական էլեկտրացանցերի կողմից:
«Մեր գործընկերը ռուսական ընկերություն էր, որը կրկին ֆինանսավորվում էր էլեկտրացանցերի կողմից: Իսկ մեզ մոտ գործող ընկերությունը նման ծրագրեր ընդհանրապես չի իրականացնում: Կան մարդիկ, որոնք շատ սիրով են վերաբերվում արագիլներին և համարում են, որ եթե իրենց տան կտուրին արագիլ է բնադրվել, ապա այն իրենց ընտանիքի պաշտպանն է: Մեկուկես տարի առաջ մեզ դիմեցին երկաթուղու աշխատակիցները և ասացին, որ ողջ երկաթուղու երկայնքով արագիլների բներ կան, որն իրենց խանգարում է, և ուզում են դրանք քանդել: Իսկ մենք ասացինք, որ նման քայլ անելու դեպքում մենք նրանց դատի կտանք»,– ասաց Ս. Ադամյանը: Բնապահպանի կարծիքով, եթե էլեկտրացանցերը նման խնդիրներ ունեն, ապա պետք է իրենց ֆինանսներով դա իրականացնեն: Մասնագետները խորհուրդներ կտան, թե ինչպես է պետք փրկել արագիլների բները, որպեսզի դրանց պատճառով էլեկտրասյուների վրա հրդեհներ չլինեն: Ինչ վերաբերում է այս թռչունների ձայներին, ապա դրանք այնքան բարձր չեն, որ բնակիչների անդորրը խանգարեն:
«Եթե մենք կաչաղակների ու ագռավների ձայները տանում ենք, ապա արագիլի ձայնը դրանց մոտ կարելի է առոչինչ համարել: Ինձ համար ընդունելի չէ, որ կենդանական աշխարհի հանդեպ ոչ միայն ժողովրդի, այլև շատերի մոտ չկա այն լրջությունը, որը պետք է լինի: Բայց պետք է հիշել, որ եթե չլինի կենդանական աշխարհը, ապա մարդն էլ չի կարող լինել: Դա պետք է բոլորը հասկանան: Հարկավոր է նաև օրենսդրական փոփոխություններ իրականացնել, որպեսզի կենդանիները պատշաճ չափով պաշտպանված լինեն: Մենք պատշաճ վերաբերմունք չունենք կենդանիների նկատմամբ և գուցե դա է պատճառը, որ նրանց պաշտպանության համար օրենքներ չկան: Ու թեև վերջին տարիներին նկատվում է կենդանիների հանդեպ հանրության վերաբերմունքի բարելավում, այնուամենայնիվ, ցավոք, դա մասսայական բնույթ չի կրում, ինչն, ուզենք, թե չուզենք, ազդում է նաև մատաղ սերնդի դաստիարակության վրա»,– ասաց Ս. Ադամյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում