Սցենարներ, որոնք ցույց կտան իշխանության իրական մտադրությունները. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
ՊՎԾ-ի շուրջ արդեն քանի օր եփվող սկանդալը կամաց-կամաց ստանում է որոշակիություն: Չնայած հակասական ինֆորմացիային, արդեն պարզ է, որ ամեն դեպքում ԱԱԾ-ն ներգրավել է մի քանի ՊՎԾ աշխատակիցների, ինչպես նաև ենթադրվող չարաշահումներում ներգրավված այլ տնտեսվարող սուբյեկտի: Տեղի ունեցողի կոռուպցիոն ռիսկերի մասին պատկերացում կազմել հնարավոր կլինի առաջիկայում, երբ ինֆորմացիան ավելի հագեցած ու առավել ամբողջական կլինի: Առավել կարևոր է, սակայն, այլ բան՝ ինչպես իրեն կպահի իշխանությունն այս աննախադեպ խնդրի հետ կապված: Աննախադեպ այն առումով, որ սա փաստացի առաջին կոռուպցիոն սկանդալն է ներիշխանական, հեղափոխական շրջանակներում: Մինչ այս նմանատիպ սկանդալների կենտրոնում հայտնվում էին նախորդ իշխանության ներկայացուցիչները: Նոր իշխանությունների վարքը կոնկրետ այս դեպքով ունի մի շարք բարոյահոգեբանական ու քաղաքական կողմեր: Բարոյահոգեբանական իմաստով իշխանությունը ստիպված է առերեսվել նախ այն հանգամանքի հետ, որ փաստորեն կոռուպցիա կա նաև հեղափոխությամբ իշխանության եկածների շարքերում, հետո էլ պետք է վերաբերմունք ցույց տա այդ իրողությանը: Վերաբերմունքն, ըստ այդմ, հաշվի առնելով դեպքի աննախադեպությունը, դառնալու է ուղենիշային ապագայում նմանատիպ դեպքերում իշխանության հնարավոր վարքի առումով:
Այս իմաստով կա երեք հավանական սցենար: Առաջին դեպքում իշխանությունը, հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը, գնում է ամբողջական բացահայտման ճանապարհով ու պատժում մեղավորներին, միաժամանակ դա անում է հնարավորինս աղմուկով՝ վարկանիշային դիվիդենտներ շահելու համար:
Երկրորդ սցենարով իշխանությունը չի գնում որևէ վերջնական բացահայտման, կամ գնում է բացահայտման, սակայն մինիմալ ռիսկերով՝ հաշվի առնելով նույն հանրային հնչեղությունը: Հատկապես այդ հնչեղության հիմնական գեներատորների ծագումնաբանությունը հաշվի առնելով՝ կարող է առաջանալ մի վիճակ, երբ իշխանությունը չցանկանա զոհաբերել սեփական շարքերից ինչ-որ մեկին, որպեսզի դա չդիտարկվի «հակահեղափոխության» հաղթանակ:
Երրորդ, ըստ էության, ամենացանկալի սցենարը կլինի այն, որ իշխանությունը որևէ կերպ չխառնվի տեղի ունեցողին և պրոցեսն ընթանա բացառապես իրավական կարգավորումների շրջանակներում: Սրանով կարձանագրվի, որ իշխանության համար խտրականություններ չկան, կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ հասցեատերերից, ու պետք է պատժվի հավասար սկզբունքով: Սրանով նաև կբացառվի խտրական կերպով այս կամ այն գործը ըստ իրավիճակի վարկանիշային դիվիդենտներին ծառայեցնելու տրամաբանությունը: Մանավանդ, որ ապագայում ևս ապահովագրված չենք նմանատիպ իրավիճակներից, որոնցից որոշների դեպքում կոռուպցիոն բացահայտումը կարող է բերել վարկանիշի աճի, որոշների դեպքում էլ՝ վարկանիշի անկման:
Մոտ օրերս արդեն պարզ կլինի, թե ինչպես է հանգուցալուծվում իրավիճակը: Չնայած վերոնշյալ այն արձանագրմանը, որ իշխանությունը չպետք է խառնվի պրոցեսի բացառապես իրավական ընթացքին, ամեն դեպքում սա քաղաքական խնդիր է, որ ուղենշելու է իշխանության վարքը ապագայի համար: Իշխանության քաղաքական քայլն այս դեպքում պետք է լինի հենց պրոցեսին քաղաքական նպատակահարմարություն չտալու կամքը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում