Բիձինայի կուսակցական «վոյաժները»
АналитикаՕրերս պարզ դարձավ, որ «Վրացական երազանք»-ի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կուսակցականների հետ ներքին տարադարձությունների շուրջ հանդիպումներ է անցկացնում, որոնց հետևանքով իշխող ուժն արդեն կորցրել է խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունը: Իվանաշվիլու թիմակից երեք պատգամավորներ՝ Էկա Բեսելիան, Գոդևան Փոփխաձեն ու Լևան Գոգիաշվիլին հայտարարել էին կուսակցությունից հեռանալու մասին:
Կարող ենք փաստել, որ կուսակցության ներսում տարաձայնությունները սկսվեցին անցած տարեվերջին, երբ Արդարադատության բարձրագույն խորհուրդը պատգամավորների հաստատմանը ներկայացրեց դատավորների 10 թեկնածուների ցուցակ: Էկա Բեսելիան պնդեց՝ ցանկում ներառված թեկնածուներից մի քանիսն աշխատել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք և դատավճիռ ներկայացրել նրա քաղաքական պատվերով: Ի նշան բողոքի, Բեսելիան հրաժարական տվեց Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Կուսակիցներն այս քայլը բնորոշեցին դեմարշ, Իվանիշվիլին նրան մեղադրեց կուսակցական կարգապահությունը խախտելու մեջ: Վեճը չավարտվեց. ամիսներ անց Բեսելիան համախոհների հետ խորհրդարան բերեց մի օրինագիծ, որն առաջարկում է 5 տարով սառեցնել դատավորների անժամկետ նշանակման դրույթը:
Հատկանշական է, որ օրինագծի համահեղինակ Կոբա Նարչեմաշվիլին հայտարարել էր. «Սա թույլ կտա առողջացնել դատական համակարգը: Անցումային ժողովրդավարություն ունեցող երկրներում դատավորների ցմահ նշանակումը որոշակի ռիսկեր է պարունակում: Հաշվի առնելով՝ ինչ է հիմա կատարվում մեր երկրում, ուզում ենք հետաձգել այդ դրույթի իրագործումը, մինչև երկրում վերջնականապես կամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները»:
«Վրացական երազանք»-ը կուսակիցների առաջարկը չպաշտպանեց: Խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն պնդեց, որ դատավորների անժամկետ նշանակումը սահմանադրությամբ է ամրագրված: Ի նշան բողոքի, օրինագծի հեղինակ 9 պատգամավորներից 3 հայտարարեցին կուսակցությունից հեռանալու մասին:
Անդրանիկ Հարությունյան