Մոսկվա-Թեհրան-Երևան. կարևոր, բայց ոչ ամբողջական արձանագրումներ. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Վարչապետ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցերը՝ համապատասխանաբար Իրան և Ռուսաստան, չնայած առանձին օրակարգերով էին, սակայն թե՛ ժամանակային իմաստով, թե՛ Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշների արձանագրման առումով տեղավորվում են մեկ ամբողջության մեջ: Մանավանդ, եթե համադրենք հնչեցված մի շարք դիտարկումներ: Խոսքը մասնավորապես Իրանում Փաշինյանի այն հայտարարության մասին է, որ Հայաստանը պատրաստ է լինել գազի տարանցիկ ուղի Իրանի համար: Իսկ գազի թեման, ինչպես գիտենք, Հայաստանում անմիջականորեն կապ ունի Ռուսաստանի հետ: Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանում գտնվող Միրզոյանն է բավական սուր ելույթով նախատում ռուս գործընկերներին ադրբեջանամետ դիրքորոշումների համար: Մեկ օրվա համար մի քիչ շատ չէ՞, կարող ենք հարցնել: Գուցե շատ է, սակայն, ցավոք կամ բարեբախտաբար, Հայաստանի հարաբերությունները հարևանների ու գերտերությունների հետ փոխկապակցված են: Մի տեղում արված մի հայտարարությունը միանշանակ անարձագանք չի կարող մնալ մեկ այլ տեղ:
Եվ այս իմաստով, իսկապես, կարիք կա հստակեցման: Նախ պետք է արձանագրել, որ գազի տարանցիկ ուղի Հայաստանն ինչոր ժամանակ եղել է Իրանի համար՝ Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիներին: Սակայն այդ ժամանակը կարճ էր, ու Կարեն Կարապետյանի վարչապետությամբ այն ավարտվեց: Սա նշանակում է, որ բացառապես մեկ ուղղությամբ արված մեկ փորձարկումը բավարար չէ իրանական գազի հարցով ամբողջական ու հեռանկարային քաղաքականություն մշակելու համար:
Նույն այս հատվածականությունը կա նաև ԱԺ նախագահի ելույթում: Ելույթն ինքնին դրական է, բայց և միևնույն ժամանակ մատնում է այն քաղաքական կիսատությունը, որն այժմ կա Ռուսաստանի հետ հարաբերություններում: Իսկ այդ հարաբերությունները բազմաշերտ են ու չեն ամփոփվում միայն Վլադիմիր Պուտինի անձով, եթե նույնիսկ բացառապես այդ անձի հետ Հայաստանի իշխանությունն ունի փայլուն հարաբերություններ: Կարիք կա աշխատելու ռուսական քաղաքական-տեղեկատվական դաշտի բոլոր հնարավոր շերտերի հետ: Այլապես հուսալ, թե այդ բազմաշերտ դաշտում չեն գտնվի հակահայկական ու ադրբեջանամետ միջոցառումներին մասնակցողներ, միամտություն է:
Հայաստանի արտաքին քաղաքական և դրա օրգանական շարունակություն՝ ներքին քաղաքական հիմնական խնդիրը շարունակում է մնալ ռազմավարության, հայեցակարգի անհստակությունը: Նախորդ իշխանություններին այս հատվածական, դրվագային քաղաքականությունը հասցրել էր այն վիճակի, որի ականատեսն եղանք: Ավելին՝ այդ հատվածականությունը դարձել էր ինքնին քաղաքական ռազմավարություն, այն ինչ ցանկացած ռազմավարություն ենթադրում է հենց ամբողջականություն, գործողությունների հաջորդականություն:
Ինչու՞ են նոր իշխանությունները գնում այս ճանապարհով, բարդ է ասել: Կան պնդումներ, որ Հայաստանի որևէ ղեկավարություն չի կարող խուսափել այս քարքարոտ ու հարափոփոխ ճանապարհից: Սա, սակայն, արդարացում է: Խնդիրն առավել խորքային է՝ Հայաստանում չկա համակարգային մտածողության ավանդույթ: Այն չկար ընդդիմության շարքերում, իսկ իշխանության շարքերում եթե կար էլ, պարտադրված էր ադմինիստրացիա լինելու անմիջական պատասխանատվությամբ, որն առավելապես դրսևորվում էր ընթացիկ հարցերում:
Թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ Հայաստանը վատ հարաբերությունների տարբերակ չունի: Խնդիրն այն է, թե ինչպիսին կլինեն այդ հարաբերությունները՝ կենացների, բարեմաղթանքների և արարողակարգային կոմպլիմենտների մակարդակո՞ւմ, որ կդրսևորվի առաջին դեմքերի մակարդակով, թե՞ բազմաշերտ ու խորքային, որի առկայության դեպքում նույնիսկ առաջին դեմքերի միջև իրավիճակային անհասկացվածությունները չեն կարողանա խաթարել այդ հարաբերությունները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում