Նեթանյահուն կոռուպցիոնե՞ր
Международные новостиԻսրայելում մի սկանդալային իրավիճակ է հասունանում. Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիթը մտադրություն է հայտնել կոռուպցիայի մեղադրանք ներկայացնել վարչապետ Բեյնամին Նեթանյահուին: Նա հնարավոր է համարում, որ նախնական ունկնդրությունների ժամանակ կարող է կարծիքը փոխել: Հետաքննությունը վերաբերում է բիզնեսմեններից թանկարժեք նվերներ ստանալու կասկածանքին ու երկրի ամենամեծ հեռահաղորդակցության ընկերության շահերի լոբբինգին: Նեթանյահուն հերքում է բոլոր մեղադրանքները: Նրա գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը հայտարարել է վարչապետի «քաղաքական հետապնդման» մասին:
Կուսակցության հայտարարության մեջ նշված է. «Գլխավոր դատախազի հայտարարության հրապարակումը ընտրություններից մեկ ամիս առաջ` առանց վարչապետին այդ սուտ մեղադրանքները հերքելու հնարավորություն ընձեռելու, բացահայտ ու աննախադեպ միջամտություն է ընտրություններին»:
Ակնհայտ է, որ ներկայացված մեղադրանքները կարող են ազդել Քնեսետի ապրիլի 9-ի ընտրությունների արդյունքների վրա: Հարցումների տվյալներով` «Լիքուդը» և ընդդիմադիր «Կապույտ-սպիտակ» կուսակցությունը համարյա նույն աջակցությունն ունի: Կոռուպցիայի մեղադրանքները կարող են իրավիճակը փոխել ի վնաս Նետանյահուի:
Նշենք, որ Նեթանյահուն ընտրություններում արդեն հաղթել է չորս անգամ և եթե նրան հաջողվի վարչապետ մնալ մինչև 2019-ի մայիսի 31-ը, նա կգերազանցի Իսրայելի պետության հիմնադիր ու առաջին վարչապետ Դավիթ բեն Հուրիոնին: Եթե Նեթանյահուի դեմ մեղադրանք հարուցեն, նա կդառնա Իսրայելի պատմության առաջին վարչապետը, որ բախվել է քրեական հետապնդման:
Մեղադրանքի ներկայացման հարցը վերջնականապես կլուծվի նախնական ունկնդրությունների ժամանակ: Եթե վարչապետն ու փաստաբանները կարողանան ապացուցել, որ մեղադրանքները անհիմն են, թերևս, մեղադրանք չներկայացվի: Ունկնդրությունները հավանաբար կլինեն արդեն ընտրություններից հետո:
Իսրայելի ոստիկանությունը հետաքննել է վարչապետի նկատմամբ «1000»-ի գործը, հետո` «2000»-ի ու «4000»-ի: Մանդելբլիթը հինգշաբթի օրը հայտարարել է, որ առանձին–առանձին մեղադրանքներ ներկայացնելու մտադրության մասին: «1000»-ի գործը վերաբերվում է բիզնեսմեններից 300000 դոլարի թանկարժեք նվերներ ստանալուն: Մանդելբլիտը վարչապետին մեղադրում է հասարակության վստահությունը խաբելու մեջ: «2000»-ի գործում Նեթանյահուի բանակցություններն են «Եդիոտ Ախրոնոտ» մեդիաընկերության տնօրենի հետ` կառավարության գործունեության բարյացկամ լուսաբանման համար օրենսդրական արտոնությունների դիմաց: Վարչապետին կներկայացվի համանման մեղադրանք: «4000»-ի գործը հետաքննում է «Բեզեք» հեռահաղորդակցական խմբի շահերի լոբբինգը` Նեթանյահուի գործունեության բարյացկամ լուսաբանման համար խմբին պատկանող Walla ինտերնետ ռեսուրսով: Դատախազը մտադիր է վստահությունը խաբելու ու կաշառքի մեղադրանք ներկայացնել:
Այս ամենի ֆոնին հարց է առաջանում, որ եթե ընդդիմությունն ուզում է ազատվել վարչապետ Նեթանյահուից և այդ գործին մասնակից է նաև գլխավոր դատախազը, ինչու՞ միանգամից չներկայացնել ոչ թե «1000»-ի, «2000»-ի ու «4000»-ի գործեր, այլ` «1000»+«2000»+«4000»-ի` 7000-ի գործ` և ավելի հնչեղ է, և ավելի խճճված կլինի:
Պարզ է, որ գործ ունենք Նորին մեծություն քաղաքականության հետ:
Անդրանիկ Հարությունյան