Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի ծուղակից դուրս.եթե վերանայել, ապա՝ ամբողջական. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
«2008 թվականի Մարտի 1-ը, սակայն, այդ օրը առավոտյան ծագած երևույթ չէր պարզապես, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում»: Սա Փաշինյանի մարտիմեկյան ուղերձից մի հատված է: Ուղերձում Փաշինյանը պետության անունից ներողություն խնդրեց մարտիմեկյան զոհերի հարազատներից ու քաղաքական բռնաճնշումների ենթարկված բոլոր հայաստանցիներից: Թե՛ ուղերձում, թե՛ մեր մեջբերած հատվածում ակնհայտ է, որ պատմությունը վերանայելու մեջ գոնե այս կոնկրետ դեպքով խտրականություն չկա, վերանավում է ոչ թե վերջին 20 տարին, ինչպես փորձում են համոզել որոշ շրջանակներ, այլ Հայաստանի նորանկախ պատմությունն ամբողջությամբ:
Նույն օրը ուղերձից հետո Փաշինյանն ընդունեց Հանրային խորհրդի ներկայացուցիչներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: «Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ, պարոն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ»: Վազգեն Մանուկյանին արված այս ռևերանսի տողատակում բնականաբար 1996թ. հայտնի իրադարձություններն էին: Սակայն Փաշինյանը գնաց ավելի հեռու, և բացի առաջին նախագահական և որոշ վերապահումներով 1999թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները դրեց կասկածի տակ:
Մեծ հաշվով Փաշինյանն ասում է այն, ինչ մտածում է հասարակության մեծամասնությունը, որի համար հավասարապես «կասկածելի էին» թե՛ 1996-ի, թե՛ 2002-ի, թե՛ 2008ի ընտրությունները: Ավելին, միայն, այսպես ասած, ակտիվ քաղաքական շրջանակներում է, որ կարելի է գտնել տարբերություններ այս կամ այն նախագահի, վերջինիս կառավարման տարիների շուրջ ունեցած պատկերացումներում: Հասարակության աչքերում մեծ հաշվով երեք նախկին նախագահները մնացել են «անարդյունավետ» պիտակի տակ: Անարդյունավետ էին, թե ոչ, դա այլ հարց է: Բայց փաստացի չեն կարողացել բավարարել այդ պահի սպասելիքները, կամ եթե բավարարել են, ապա չեն կարողացել ներկայացնել: Պատմությունն, իհարկե, ավելի օբյեկտիվ կորոշի ամեն մեկի վաստակը:
Խնդիրը, սակայն, նույնիսկ այն չէ՝ ընտրությունները կեղծվել են, թե ոչ: Խնդիրն այն է, որ արդեն որոշ ժամանակ է՝ որոշակի շրջանակների կողմից հանրային օրակարգ է մտցվում մի մոտեցում, ըստ որի, պետք է պատմությունը վերանայել, սակայն 20 տարվա հետահայացով: Փաշինյանն իր ելույթով, այնուհետ էլ ՀԽ-ին ուղղված խոսքով փաստացի դուրս է գալիս այդ ծուղակից ու հավաստում, որ եթե պիտի վերանայել պատմությունը, ապա՝ ամբողջական:
Սակայն այս ուղերձը կարևոր է ոչ միայն կոնկրետ իրավիճակում, երբ կա կոնկրետ միտում կապված վերանայման 20 տարվա հետ: Նմանատիպ մոտեցումներ կան նաև այլ շրջանակներից: Մեկն առաջարկում է վերանայել առաջին և երրորդ տասնամյակները, իսկ երկրորդը հռչակել սուրբ, մյուսի կողմնակիցները կողմ են առաջին և երկրորդ տասնամյակների վերանայմանը, երրորդի սրբագրմանը: Ընդհանրապես, «վերանայենք այնպես, ինչպես մեզ հաճելի է» մոտեցումը բավական տարածված է: Եվ եթե իշխանությունը մնա Փաշինյանի ուղերձի շրջանակներում, ապա գոնե միառժամանակ կարելի կլինի այս ծուղակներից հրաժարվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում