Վազգեն Սարգսյան. պատմությանը նայել համարձակ. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր: Հոբել յան էր երեկ: Վազգեն Սարգսյանն, իր ողջ հակասականությամբ, ներկայացնում է թե՛ իր ժամանակների, թե՛ ընդհանրապես հայաստանյան քաղաքական լանդշաֆտի գունապնակը: Մարդ, ում շատ են քննադատել, միաժամանակ համարել են Հայաստանը ոտքի հանելու շարժիչ ուժ: Մարդ, ով քննադատվել է նույնիսկ պատերազմի տարիներին, բայց հայտնի մարտակոչով կարողացել է թեքել այդ պատերազմի կարևոր իրադարձություններից մեկի ընթացքը: Մարդ, ով մի կողմից ասոցացվում էր այն անարդյունավետ համակարգի հետ, որ չհաջողեց հետպատերազմյան Հայաստանի ակնկալվող վերելքը, բայց միաժամանակ կարողացավ առանձնանալ այդ շրջանի քաղաքական հոսանքներից, սկսել իր առանձին քաղաքական ուղեգիծը ու փորձեց Հայաստանը դնել բարեփոխումների նոր ալիքի վրա: Մարդ, ով դաշինք կազմեց Կարեն Դեմիրճյանի հետ, դաշինք, որը ինքնին հակասական էր: Շատ են նման հակասությունները: Այնքան շատ, որ հաճախ թվում է, որ ոչ թե հակասությունների, այլ համադրությունների հետ գործ ունենք:
Վազգեն Սարգսյանի հոբել յանի առիթով շատ խոսքեր ասվեցին, անկեղծ ու կեղծավոր, արարողակարգային ու խորքային: Բայց նրա այս հակասական կերպարն ամբողջության մեջ առանց պաթոսի, առանց քննադատվելու վախի այդպես էլ չի քննարկվում: Նախորդ իշխանություններն իրենց բնորոշ կերպով միֆականացրել էին Վազգեն Սարգսյանին: Միֆականացրել էին ոչ միայն և ոչ այնքան որպես մեծ հարգանքի ապացույց, այլ որպեսզի փակեն Վազգենի մասին հարցեր տալու, քննարկումներ անելու հնարավորությունը, որովհետև հերոսներին, միֆերին չեն քննարկում:
Այնինչ Վազգենը 90-ականների սկզբի, այնուհետ էլ 90-ականներից բեկումնային 2000-ականներ անցման շրջանի կենտրոնական դերակատարներից մեկն էր: Նրան սովորաբար հիշում են կա՛մ պատերազմով, կա՛մ Հոկտեմբերի 27-ի ողբերգությամբ: Սակայն այդ երկու դեպքերի միջակայքում ևս Վազգեն Սարգսյանը կար ու գործուն մասնակցություն ուներ երկրի քաղաքական կյանքին:
Հիմա, երբ հանրային օրակարգում թևածում է պատմության վերանայման խտրական կամ անխտրական մոտեցումների մի ամբողջ շարք, ժամանակն է նաև առավել համարձակ ու անկեղծ հետ նայել Վազգեն Սարգսյան գործչին: Ծայրահեղական մոտեցումը, բացառապես հերոսականության ակնոցներով հետահայացը որևէ բան չի տալիս: Վազգեն Սարգսյանն, անշուշտ, պետք է մնա հայոց «դիցարանում»: Բայց պակաս կարևոր չէ նրան որպես քաղաքական գործիչ ամբողջությամբ բացահայտելը, ու դա պետք է արվի ոչ միայն մարտի 5-ին ու հոկտեմբերի 27-ին, այլ ավելի հաճախ ու ավելի համակարգված:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում