Վիգեն Ստեփանյան. «Մշակույթը պետք չէ կառավարել, մշակույթին պետք է օգնել». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Մշակույթը պետք չէ կառավարել, մշակույթին պետք է օգնել: Այս համոզմանն է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
«Պետք է ամեն ինչ անել, որ մշակույթը հնարավորինս զարգանա, տա իր լավագույնը: Մի խոսքով, այն ամենը, ինչն անհրաժեշտ է մշակույթն իսկապես մշակույթ դարձնելու համար, որովհետև առանց մշակույթի շատ մեծ վտանգների առաջ ենք կանգնելու: Չի կարող չլինել մշակույթ: Հիմա, ըստ իս, մշակութային քաղաքականություն չկա, կան ուղղակի առանձին մարդկանց ճիգերը, գերճիգերը՝ պահպանելու գոնե այն, ինչ ունենք: Մշակույթը փորձում են ղեկավարել, դա ամեՄշակույթը փորձում են ղեկավարել, դա ամենավտանգավորն է: Բայց մշակույթին պետք է պաշտպանել, օգնել: Մշակույթը պետք չէ ղեկավարել, որովհետև յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարդ, արվեստագետ շատ լավ գիտի իր անելիքը»,-մեզ հետ զրույցում ասաց Վ. Ստեփանյանը:
Նա շեշտեց՝ ընդամենը պետք է մարդկանց հարգել, հրավիրել, խոսել, հանձնաժողովներ կազմել: «Դա անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մարդ իր տեղում հասկանա՝ ի՞նչ քաղաքականություն է վարում հիմա: Պետք է կանչեն ու, օրինակ, ասեն՝ Սունդուկյանի անվան թատրո՛ն, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրո՛ն, ինչո՞վ է ձեզ պետք օգնել, ի՞նչ է պետք անել, որ դուք էլ ավելի բարձր արդյունքների հասնեք: Նույնը վերաբերում է նաև յուրաքանչյուր մշակութային օջախի, որոնք վաղուց արդեն առանց մշակույթի նախարարության կայացել են, ունեն անուն, ճանաչում»,ասաց նա՝ միաժամանակ կարևորելով օրենսդրական դաշտի անհրաժեշտությունը:
«Թատրոնի օրենքի անհրաժեշտության մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում: Այն, որ թատրոնին պետք են ռեֆորմներ, բացահայտ ճշմարտություն է: Թատրոնին պետք է նաև ինչ-որ մի կանոնակարգ՝ օրենքի տեսքով, որ վերջապես մշակույթի մարդն իրեն պաշտպանված զգա, իր հետ կապված բոլոր գործողություններն օրենքի դաշտում լինեն, ըստ որի՝ նա չի մնա ինչ-որ նորելուկ չինովնիկի կամքին ու հույսին, որ ում մտքին ինչ փչեց, մենք էլ ստիպված չլինենք կատարել: Օրենքը շատ բաներից կպաշտպանի, իսկ ռեֆորմներն անհրաժեշտ են թատրոնին առաջ գնալու, բարգավաճելու, վեր բարձրանալու համար: Այդ ամենը անհրաժեշտ է, բայց որքանով ես գիտեմ, մարդկանց ընդհանրապես ոչ կանչել են, ոչ զրուցել: Ինձ ոչ ոք չի զանգել ասել՝ ի՞նչ մտքեր ունես: Համարյա 50 տարի ես թատրոնում եմ, երևի ինչ-որ բան սովորած կլինեմ, չէ՞: Ինչո՞ւ չօգտագործել, եթե իմ մտքերը, իմ փորձը, իմ աշխատանքային գործունեությունը կարող է ի նպաստ լինել հայ թատրոնին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը զուտ կարծիքներ լսելու պատրաստակամության անհրաժեշտության մասին է: «Ես սովետի ժամանակ ապրել եմ, ես այդպիսի կոմերիտմիության քարտուղարներ գիտեի, որոնք ոչ մեկի կարծիքը հաշվի չէին առնում: Կոմերիտմիության սարսափելի հոտ է գալիս այդ ամենից»,-ասաց նա:
Վիգեն Ստեփանյանին մտահոգում է նաև այն մթնոլորտը, որն ընդհանրապես ձևավորվել է սոցցանցերի հայկական տիրույթներում: «Ես Ֆեյսբուք չեմ մտնում միայն այն պատճառով, որ նեգատիվի հերթական դոզան չստանամ: Կարդում ես ու գնալով էլ ավելի ես զզվում, էլ ավելի ես հիասթափվում: Մարդիկ ինչքան մաղձ ունեն, թափում են այդ Ֆեյսբուքի էջերին: Ճիշտ են, սխալ են՝ կարևոր չէ: Կարևորն այն է, որ ասեն, թե՝ «էս ինչ լավ ասիր»: Իսկ ի՞նչն է լավ: Բացարձակապես ոչ մի լավ բան չկա: Որքան մենք իրար սևացնենք, ինչքան մենք իրար վարկաբեկենք, այդքան ի վնաս մեզ ենք գործում: Դա է սարսափելին: Հարցը ո՛չ մշակույթն է, ո՛չ բժշկությունը, ո՛չ շինարարությունը: Հարցը Հայաստան երկիրն է: Ե՞րբ պետք է մարդիկ հասկանան, որ ուրիշ մարդ, օրինակ, բրազիլացին չի գալու մեր մեջ ապրի, մեր երկիրը կառուցի, և մենք ենք մեր երկիրը կառուցողը: Իսկ իրար տակ փորելով, իրար վատաբանելով ու իրար ծաղրելով՝ երկիր չենք կարող կառուցել: Հիմա մենք իրար հանդեպ շատ զգույշ ու հոգատար պետք է լինենք: Առանց կուսակցական պատկանելիության, առանց բաժանումների յուրաքանչյուր լավ առաջարկ պետք է ի շահ երկրի օգտագործվի: Սա չենք հասկանում: Ամբողջ ցավը սա է: Մեկին տանում են աղբամանը գցեն, մյուսին այնտեղ, սա այս է արել, նա այն է արել… Արդեն բոլոր չափերն անցնում են մարդիկ, կառուցողական մթնոլորտ չկա:
Իսկ մենք ներդրումներ ենք սպասում, լավ վերաբերմունք են սպասում: Բայց մենք իրար չենք հարգում, չենք սիրում, ո՞ւր մնաց օտարը գա ու մեզ հարգի»,-եզրափակեց Վ. Ստեփանյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում