Երկիր լվացքատուն.ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական անվտանգության երաշխիքներ. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Ռուսահայ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա Դիալոգի» շուրջ վերջին բացահայտումները հերթական անգամ եկան փաստելու այն, որ տեղական կապիտալն, անկախ իր շուրջ ստեղծված ընկալումներից և օրինականության հետ խնդիրներից, առավել վստահելի է, քան քաղաքակիրթ ու առաջադեմ քողի տակ մատուցվող, բայց ստվերային գործարքների ահռելի պոտենցիալով արտաքին այն կապիտալը, որ արվում է հայրենասիրության քողի ներքո։ Կասկածելի է հատկապես, երբ ակնհայտորեն շահույթ չհետապնդող նախաձեռնություններն արվում են նման աժիոտաժով։ Բայց միաժամանակ այդ ամենն արվում է այնպիսի գրագիտությամբ, որ որևէ կասկած չի մնում արվածի ազնիվ մոտիվացիայի հարցում։
Ինչևէ։ Որևէ կերպ չնսեմացնելով արտաքին ներդրումների, հատկապես հայկական ծագում ունեցող ներդրումների արժեքը, չենք կարող չարձանագրել, որ փաստացի ունենք խնդիր, երբ Հայաստանը ընկալվում է որպես տրանզիտ գոտի, որը կարող է ծառայեցվել այս կամ այն գործարքի համար։ Սրանից ապահովագրված չէ որևէ երկիր։ Ավելին՝ մեր ներսում էլ խնդիրներ օրինականության հետ քանիցս արձանագրվել են՝ կապված խոշոր կապիտալի հետ։ Խնդիրը, սակայն, առավելապես մատուցման մեջ է ու այդ մատուցածն ընկալելու։
Փաստացի մենք ունենք մի իրավիճակ, երբ հասարակությունը բավական դյուրահավատ է, արագ ընկնում է արտաքին քողի ազդեցության տակ՝ չխորանալով բովանդակության մեջ։ Առաջադիմական քողն, ընդհանրապես, հետխորհրդային հանրույթների հիմնական խնդիրներից է։ Այս բարդույթը հաճախ դառնում է ծուղակ։ Արևմտյանի, քաղաքակիրթի հանդեպ արդարացի հակումը այնքան խորացած է եղել հետխորհրդային տիրույթում, որ չի թողել տարբերակել իրականն ու կեղծը, բովանդակայինն ու արտաքին շերտը։
Վերոնշյալ դեպքն, այս իմաստով, միակը չէ։ Ավելին, Հայաստանն անընդհատ է գտնվում այս դիլեմայի առաջ, երբ ցանկալի բովանդակության փոխարեն նրան հրամցնում են գեղեցիկ արտաքին քող, և ցանկությունից կուրացած Հայաստանը վերցնում և ընդօրինակում է միայն արտաքին ֆասադը՝ կանգնելով բովանդակային վակուումի առաջ։ Մյուս կողմից էլ Հայաստանում առկա մերժողականությունը ամեն նորի հանդեպ ստեղծում է մեկ այլ կեղծ հակադրություն և ծայրահեղություն, երբ նորը մերժվում է միայն նորը լինելու, ոչ թե բովանդակության համար։ Ասել է թե՝ անդադար և փակ ցիկլով բանավեճ պարզապես պիտակների շուրջ։
Հայաստանն այս փակ ցիկլից դուրս գալու համար պետք է ստեղծի գնահատման իր սեփական, ինքնուրույն չափանիշները, որոնք առավելագույնս կլինեն մեր ներքին շահերին հարիր, կախված չեն լինի արտաքին ազդեցություններից։ Սա Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական անվտանգության, ինչպես նաև սոցիալական ինքնաբավության և ներդաշնակության կարևոր երաշխիք է։ Մնացած դեպքերում մենք ուղղակի դատապարտված ենք լինել արտաքին կլիշեների սպառող՝ դրանից բխող հետևանքներով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում