ՌԴ երկփեղկված հասարակությունը
Международные новостиՈւսումնասիրությունները պարզում են, որ 2014-ից սկսած ռուս հասարակության էվոլյուցիան դարձել է ազգային ու միջազգային դիտորդների տարբեր մեկնաբանությունների առարկա: Ոմանց կարծիքով` Ռուսաստանին հատուկ է քաղաքական ապատիան, որ Ռուսաստանը կարիք ունի պատեռնալիստական պետության, պատրաստ է կրճատել իր քաղաքացիական ու քաղաքական իրավունքները տնտեսական ու սոցիալական նվազագույն երաշխիքների դիմաց: Մյուսների կարծիքով` հակառակը, ռուսական հասարակությունը բացառիկ ոգու ուժ ու կենսունակություն ունի, նշանակալից մասը շարունակում է ինքնակազմավորվել և դիմադրություն ցույց տալ, չնայած բարդ տնտեսական ու քաղաքական ենթատեքստին:
Իրականում սակայն ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ ռուսական ներկա հասարակությունը ծայրահեղ հատվածավորված ու ապակողմնորոշված է, տարբեր շերտերն ապրում են տարբեր արագությամբ ու բացության տարբեր մակարդակում: Այդօրինակ շերտավորումը ձևավորում է երկրի կերպար, որ ի վիճակի չէ որոշել իր զարգացման ուղղությունը, տատանվում է բացության ու ինքն իր մեջ պարփակվելու ցանկության մեջ: Կրեմլն առաջին հերթին ձգտում է չճոճել իր հիմնաքարը` ձեռնպահ մնալով շարժումներ նախաձեռնելուց, որ կարող են ճակատագրական դառնալ: Այդ կայունությունը, որ շատերն սկսում են համեմատել բրեժնևյան դարաշրջանի լճացման հետ, առաջվա պես կարևոր է բնակչության համար, որ փոփոխությունների կոչ է անում, բայց չի ցանկանում պատասխանատվությունն ու ռիսկերը ստանձնել: 1900-ականների անցումային ՙմութ տարիները՚, որ ռուսական իշխանությունները շարունակում են օգտագործել վախեցնելու համար` կյանքի մակարդակի անկումը, լոկալ պատերազմները ծայրամասերում, հետխորհրդային Ռուսաստանի` գերտերության կարգավիճակի կորուստը ստիպում են շատ ռուսաստանցիների ափսոսել ԽՍՀՄ-ի փլուզման համար:
Փաստն այն է, որ այսօր ՌԴ-ում իշխանությունը հիմնականում բնորոշում են նախագահի անձը, ոչ թե սոցիալական ինստիտուտները, այդ պայմաններում առաջիկա ժառանգորդությունը կարող է սկիզբ դնել տնտեսական, սոցիալական, քաղաքական ցնցումների: Այդ ենթատեքստում միանգամայն հավանական է, որ պուտինյան դարաշրջանի կայունությունը, համեմատական բարգավաճումն ու միջազգային հեղինակության վերականգնումը ոչ քիչ նոստալգիկ հիշողություններ թողնեն իրենցից հետո:
Անդրանիկ Հարությունյան