Բրիտանական լուրջ «ռակիրովկաներ»
Международные новостиՕրերս հայտնի դարձավ, որ Բրյուսելը տարատեսակ պատժամիջոցներ է մշակում Բրիտանիայի համար` իբրև բրեկզիտի հետաձգման փոխհատուցում: ԵՄ անդամները պնդում են, որ ուշացման համար Բրիտանիան առանձին է վճարելու: Այստեղ խոսքը գնում է իրավաբանական և ֆինանսական փոխհատուցման մասին` հավելած 39 միլիարդ ֆունտ ստեռլինգին: Ըստ տեղեկությունների՝ ԵՄ անդամները բացասաբար են ընդունում հետաձգումը և եթե մի քանի շաբաթից ավելի տևի, ԵՄ-ն 13,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ կպահանջի ամեն տարվա համար: Նույնիսկ եռամսյա ուշացման համար միլիարդների հաշիվ է ներկայացվելու:
Հստակ տեղեկություներ կան, որ վարչապետ Թերեզա Մեյի վրա աննախադեպ ճնշում են գործադրում եվրասկեպտիկ պատգամավորները: Նրանք պնդում են, որ խորհրդարանում իրեն անհրաժեշտ ձայները ստանալու համար Մեյը պետք է խոստանա հրաժարական տալ: Թեպետ Լոնդոնի ու Բրյուսելի լարված բանակցությունները շարունակվում են, խորհրդարանականների մեծամասնության համար ընդունելի փոխզիջման հույսեր չկան: Նախարարներից մեկն ասել է, որ ոչ ոք չի կասկածում, որ Մեյը հունիսից հետո չպետք է մնա վարչապետ:
Բավականին հաստատակամ է նաև այն թեզը, որ վարչապետի հրաժարական կներկայացնի, քանի որ Պահպանողական կուսակցության անդամները նրան պարզապես կստիպեն հեռանալ:
Այս ամենին զուգահեռ հարց է առաջանում, թե ո՞վ կարող է լինել պահպանողականների հաջորդ նախագահը: Թեպետ վարչապետին վստահության նոր քվեարկություն մինչև դեկտեմբեր չի կարող լինել, «մոխրագույն կոստյուներով մարդիկ»` կուսակցության ծանրքաշայիններն անպայման կգնան նրա մոտ բրեկզիտից հետո, ինչպես ժամանակին գնացել են Մարգարետ Թետչերի մոտ` ասելու, որ պետք չէ նորից առաջադրվել կուսակցության ղեկավար:
Ըստ ամենայնի՝ հնարավոր ժառանգորդներն արդեն սկսել են ձևավորել իրեց ընտրական թիմերը, մշակել ռազմավարությունն ու հանդիպել կուսակցության դոնորների հետ: Թեկնածուները 3 խմբի են բաժանվում` «գիշատիչներ» (Բորիս Ջոնսոնի տիպի), «անհայտ անձինք» (ինչպես Լիզ Տրուսը) և «աուտսայդերներ» (նրանց թվում է կուսակցության փոխնախագահ Ջեյմս Կլևերլին): Եթե Թերեզա Մեյին իրոք պարտադրեն հրաժարական տալ այս տարի, անկասկած, լիդերի ֆավորիտը Բորիս Ջոնսոնն է:
Նշենք, որ թորիների ընտրակարգը նախատեսում է, որ մինչև երկու անուն կհայտնվի կուսակցության բոլոր անդամների քվեարկության համար, «երկար ցանկին» քվեարկում են պահպանողական պատգամավորները: Այդ փուլը 2016-ին Ջոնսոնը չանցավ: Հիմա նրա կողմն են ազդեցիկ եվրասկեպտիկները և նրա շանսերն ավելի բարձր են գնահատվում: Թեկնածուներից է և ԱԳնախարար Ջերեմի Հանթը, որ հույս ունի ստանալ և եվրասկեպտիկների, և ԵՄ-ում մնալ ցանկացողների ձայները: Հավանական թեկնածու է Սաջիդ Ջավիդը: «Անհայտներից» է ՊՆ նախարար Գևին Ուիլյամսոնը, որ արդեն սկսել է հող շոշափել` շրջելով կուսակցության տեղական կառույցներում: Ցանկացած թեկնածու, որ 2016-ին կողմ է եղել բրեկզիտին, իսկ 2018-ի դեմ է եղել Մեյի ծրագրին և կողմ է անպայմանագիր բրեկզիտի, շանս ունի դառնալ թորիների նախագահ:
Անդրանիկ Հարությունյան