«Ինչու այսքան անարդար»․ Մոսկվայում սգում են ռուս երգչուհի Յուլիա Նաչալովայի մահը
КультураՌուս երգչուհի Յուլիա Նաչալովայի երկրպագուները, ընկերներն ու հարազատները սգում են 38-ամյա արտիստուհու մահը։ Հայտնի է, որ երգչուհուն վերջին հրաժեշտի և հուղարկավորման արարողությունների մասին տեղեկությունները կփոխանցվեն ավելի ուշ։
Հիշեցնենք, որ նախօրեին Յուլիա Նաչալովայի պաշտոնական ներկայացուցիչ Աննա Իսաևան հայտնել էր երգչուհու մահվան մասին։
«Մեկ ժամ առաջ մեր Յուլիայի սիրտը դադարեց բաբախել», - գրել էր Իսաևան Instagram-ի իր էջում։
Երգչուհին հոսպիտալացվել էր մարտի 8-ին, բժիշկները արհեստական կոմայի մեջ էին մտցրել նրան, իսկ մարտի 16-ին Նաչալովան վիրահատության էր ենթարկվել։ Նույն օրը արիտստուհին մահացել է։ Ավելի ուշ նրա հայրը հայտնել է, որ դստեր մահվան պատճառը աբսցեսն է եղել (թարախի կուտակում մարմնի հյուսվածքներում)։
«Յուլիչկա, թանկագինս, քանի տարի ենք եղել կողք կողքի, ինչքան ծրագրեր ու ճանապարհորդություններ, ախր ինչպես․․․Ինչու այսքան անարդար։ Դու միշտ կլինես իմ սրտում», - գործընկերուհու մահից հետո գրել է ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը Instagram-ի իր էջում։
Միևնույն ժամանակ սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր գրել են, որ Նաչալովան եղել է նրանց մանկության կուռքը, և որ նրա մահը շոկային է բոլորի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Այնպիսի զգացողություն է, որ կորցրել եմ հարազատ մարդու», - գրել է նրա երկրպագուներից մեկը։
«Մանկությանս կուռքը․․․ 38 տարեկան․․․ Թող նրա համար այնտեղ ավելի լավ լինի, քան այստեղ։ Մենք սիրում ենք քեզ, Յուլիչկա», - նշել է մեկ այլ օգտատեր։