«Այս տուրբուլենտ վիճակում պաշտոնյաների գործողությունները դարձել են էլ ավելի անարդյունավետ». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Ժամանակն է, որ հասարակությունն ու իշխանությունները գան իրատեսության դաշտ, ռեալ գնահատեն երկրում առկա ռեսուրսները, կադրերը, հնարավորությունները և սկսեն հավասարակշռված քաղաքականություն վարել: Ինչ վերաբերում է կառավարության կազմին ու կառուցվածքային փոփոխություններին, ապա այն, ըստ տնտեսագետ Ատոմ Մարգարյանի, մտել է տեղապտույտի փուլ:
«Նման տեղապտույտը վտանգավոր է նաև հին կառուցվածքի համար, որը շարունակում է գործել: Մարդիկ հայտնվել են անորոշության մեջ: Եվ այդ տուրբուլենտ վիճակում պաշտոնյաների գործողությունները դարձել են էլ ավելի անարդյունավետ: Օրինակ, եթե ասում են, որ գյուղատնտեսության նախարարությունն ամբողջությամբ կամ մասամբ չի լինելու, մարդիկ սկսում են մտածել, թե իրենք մնացողների՞, թե՞ կրճատվողների ցուցակում են: Եվ համակարգը հայտնվում է բախումնային ու քաոսային իրավիճակում: Սրանք մենեջմենթի տարրական կանոններ են, որոնք վերաբերում են նաև պետական կառույցների կառավարմանը: Եվ որպեսզի հնարավոր լինի վերջնականապես հստակեցնել կառավարության կառուցվածքը, պետք է հստակ մշակված քաղաքականություն և ռազմավարական առաջնահերթությունների համակարգ լինի, բայց մենք ո՛չ մեկն ենք տեսել, ո՛չ էլ մյուսը կա: Եվ սա է պրոբլեմը»,- ասաց տնտեսագետ Ա. Մարգարյանը:
Այսինքն, եթե կառավարման մոդել ի հստակ ռազմավարություն, դրանից բխող միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր չկան, ապա զարգացմանը միտված ո՛չ բովանդակությունները կձևավորվեն և ո՛չ էլ նոր կառուցվածքը կձևավորվի, և այս ամենը ողջ երկիրը կկանգնեցնի մեծ անորոշությունների առջև: Տնտեսագետի կարծիքով, պետական կառավարման համակարգը նման իրավիճակում չհայտնվելու և միևնույն ժամանակ բարեփոխում իրականացնելու հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու համար հարկավոր է ամեն ինչ սկսելուց առաջ հաշվի առնել բոլոր հիմնարար ելակետերը, առանց որոնց հնարավոր չի լինի կայուն համակարգ ձևավորել:
«Նախ՝ հարկավոր է համադրելի երկրների փորձն ուսումնասիրել, ֆիքսել ռեսուրսները: Խոսվում է կրճատումների մասին, բայց չեն մտածում, որ միայն կրճատելով է՛լ ավելի անարդյունավետ կդառնա եղած համակարգը: Մարդկանց կրճատելով՝ մենք էապես չենք ավելացնելու պետական համակարգ ուղղվող ռեսուրսները, ուստի այդ ճանապարհով կոռուպցիայի մակարդակը չի իջնի: Եվ չնայած մենք հիմա խոսում ենք կոռուպցիոներներին բռնելու, դատելու, անցումային արդարադատություն իրականացնելու, ոչ ստանդարտ մեխանիզմներ կիրառելու մասին, բայց պետք է հասկանալ նաև, որ դա հնարավոր է միայն էյֆորիկ իրավիճակներում, երբ մարդիկ վստահում են այս կամ այն երևույթին»,- ասաց Ա. Մարգարյանը:
Խոսքի ու գործի օրինակը մեջբերելով՝ տնտեսագետը հիշեցրեց, որ երբ ստեղծվում էր «Իմ քայլը» հիմնադրամը, կառույցի ղեկավարը նշում էր, որ այն բլոկչեյն տեխնոլոգիաների վրա է հիմնված լինելու և 100 %-ով թափանցիկ է գործելու: Ու թեև հայտարարությունը միանգամայն ողջունելի է, սակայն ստացվում է, որ այսքան ամիս գործող այդ հիմնադրամի «բլոկչեյնի» տեղը որևէ մեկը չգիտի:
«Որտե՞ղ է այդ բլոկչեյնը: Եվ նվիրատուն, որը գումար փոխանցեց, որտե՞ղ պետք է տեսնի, թե ի՞նչ շղթաներով է այդ բլոկը ձևավորվում, ո՞ւր է գնում կամ ո՞ւր հասավ: Այսինքն, մի բան հայտարարում են ու հետո, պարզվում է, չեն անում: Իսկ եթե չեն իրականացնելու, ապա պետք է բացատրեն, թե ինչո՞ւ: Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, դրան էլ եմ համաձայն, բայց պետք է հայտարարել, թե ի՞նչ ժամկետներում են ցանկանում այն իրականացնել: Օրինակ՝ Սինգապուրը 25-30 տարվա ընթացքում դարձավ այդպիսին, մեզ մոտ ինչքա՞ն այն կտևի, պետք է բոլորի համար հասկանալի լինի: Բացի այդ, նման տերմինների հետ հարկավոր է զգույշ վարվել, քանի որ թեև տնտեսության մասին է խոսքը, բայց այն ամբողջությամբ քաղաքական քայլ է: Պետք չէ մոռանալ նաև, որ հազարամյակների ընթացքում երկու տնտեսական հեղափոխություն է եղել, որը Նոբել յան մրցանակակիր Դուգլաս Նորթն է ձևակերպել: Մեկը, երբ պետությունը սկսեց ճանաչել հողի և շինությունների նկատմամբ իրավունքը, մյուսը՝ 19-րդ դարի կեսերին, երբ պետությունները սկսեցին ճանաչել նաև մտավոր սեփականության մասին իրավունքը: Երկրորդ անգամ տնտեսական հեղափոխության կորագիծն այս ժամանակ թռիչքաձև աճեց: Այսինքն, այս առումով նոր գյուտեր անելու և հեծանիվ հայտնագործելու կարիք չկա: Ամեն ինչ վաղուց ամրագրված է, պարզապես հարկավոր է կուռ, կայուն և համակարգված քայլերի հաջորդականություն ունեցող ծրագիր կազմել և դրանով առաջ շարժվել: Հակառակ դեպքում ցանկությունները ցանկություն էլ կմնան»,ասաց Ա. Մարգարյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում