Աբշիևիչը գնաց
АналитикаՆախօրեին հայտնի դարձավ, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է ներկայացրել: Հրաժարականի տեքստում նշվում է, որ մարտի 20-ից նա վայր է դնում նախագահական իրավասությունները: 78-ամյա նախագահի հրաժարականից հետո` ըստ Սահմանադրության, նախագահի պարտականությունները կկատարի Սենատի նախագահԿասիմ Ժոմարտ Տոկաևը:
Նշենք, որ Նազարբաևն ընտրվել է 1990-ի ապրիլին, մինչ այդ Ղազախական ՍՍՀ-ում ու ԽՄԿԿ-ում ուներ ղեկավար դիրքեր: Նա 5 անգամ հաղթել է նախագահական ընտրություններում: Վերջին անգամ հնգամյա ժամկետով նախագահ է ընտրվել 2015-ին՝ ստանալով ձայների 97,7 տոկոսը:
Իրականում ոմանց կարող է թվալ, որ հեռանում է հետխորհրդային տարածքի վերջին մոհիկանը ու անցյալ դարից մնաց միայն Ալեքսանդր Լուկաշենկոն: Ոմանց կարող է նրա հեռանալը թվալ անհավանական կամ անակնկալ: Սակայն Նուրսուլթան Աբիշևիչն անշտապ նախապատրաստում էր պետությունը նոր որակով կառավարելու իր հիմքերը` 30 տարի նախագահելուց հետո: Այս տարի փետրվարին Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը պատասխանեց նախագահի հարցումին` սահմանադրական կլինի՞ նախագահի հրաժարականը: Պատասխանը` «Այո» էր, դա վերջին ազդանշանն էր, որ Նազարբաևը որոշումն ընդունել է: Մինչ այդ Ղազախստանի Անվտանգության խորհուրդը խորհրդակցական մարմնից դարձավ սահմանադրական` մեծացնելով լիազորությունները: Ազգային անվտանգության խորհրդի մասին օրենքը Նազարբաևին, իբրև առաջին նախագահի և ազգի առաջնորդի (Ելբասի), իրավունք տվեց ցմահ նախագահել ԱԽ-ն: Պատահական չէ, որ Աբիշևիչը պահպանում է երկու կարևոր պաշտոնները` ԱԽ նախագահի և «Նուր Օթան» իշխող կուսակցության նախագահի: Բացի այդ նրան 2010-ին պաշտոնապես տրվել է ազգի առաջնորդի կարգավիճակ: Նախագահը և նրա ընտանիքի փաստացի անձեռնմխելի են, որևէ դատարան նրանց չի կարող դատել:
Ունենք մի իրավիճակ, երբ գործնականում` ով էլ լինի ընտրվի նախագահ` ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևինն է լինելու որոշումների կայացման մեջ վերջին խոսքը և պետք չէ սպասել քաղաքական կուրսի փոփոխություն: Նա է հավասարակշռելու ազդեցիկ բիզնես-խմբերի ու քաղաքական էլիտայի շահերը, արտաքին հարաբերությունները` ներառյալ Ռուսաստանի ու Չինաստանի հետ: Ղազախստանը շարունակելու է մնալ նույն երկիրը` ինչ եղել է: Մինչև ընտրությունները նրան կփոխարինի Սենատի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: Դա դեռ չի նշանակում, որ նա է Նազարբաևի իրավահաջորդը: Թեպետ փորձագետների գնահատականով` միջանկյալ նախագահ Տոկաևն անվտանգ միջնորդ է, նա նախագահի հավատարիմ զինակիցն է: Որքան արագ լինեն նախագահական ընտրությունները, այնքան հավանական է Տոկաևի հաղթանակը, որ նշանակելու է «Նազարբաևների կորպորացիայի» կառավարման շարունակում: Տոկաևի կառավարումը կարող է ռիսկային լինել ներքին ու արտաքին գործոնների ակտիվացման դեպքում` ներառյալ Ռուսաստանի դերը, նավթի գները, սոցիալ-տնտեսական դժվարությունները ու էլիտայի ներսում սկսված պայքարը: Ոմանց գնահատականով` Ղազախստանից դուրս կան որոշակի դեմքեր, որ կփորձեն օգտագործել իշխանության համեմատական վակուումը այն պահին, երբ նախագահը վերջապես հայտարարեց, որ ինքն անմահ չէ:
Ամփոփելով փաստենք, որ հերթական նախագահական ընտրությունները պիտի կայանային 2020-ին և այս կետից է սկսվում հիմնական ինտրիգը` ընտրությունները կկայանա՞ն 2020-ին, թե՞ ավելի շուտ:
Անդրանիկ Հարությունյան