Իշխանության պահպանման թե՞ փոխանցման հարց
АналитикаՎերջին շրջանում տարածաշրջանային թիվ մեկ նորությունը Նորսուլթան Նազարբաևի հրաժարականի լուրն էր: Ռուսաստանի քաղաքական էլիտան միայն այդմասին է մտածում, բայց ոչ մի բառ չի ասում: Բոլորի մոտ հետևյալ մտահոգությունը կա՝ Նազարբաևը խախտեց տաբուն: Պաշտոնապես հրաժարվելով նախագահի պաշտոնից ընտրություններից մեկ տարի առաջ` 78-ամյա ավտոկրատն ու սովետական նախկին պաշտոնյան ինքն է կազմակերպում իր իշխանության փոխանցումը և ազդանշան է հղում Կենտրոնական Ասիայի սահմաններից դուրս` ընդհուպ մինչևԿրեմլ, որտեղ 2024-ին Վլադիմիր Պուտինը ևս ավարտում է իր 24-ամյա իրավասությունները:
Ակնհայտ է, որ հրաժարական տալով` Նազարբաևը հեռանում է բյուջետային դժվարություններից, որ կենտրոնանա բացառապես ռազմավարական իրավասությունների վրա: Մինչդեռ ծայրահեղ վատ ընդունված կենսաթոշակային բարեփոխման հեղինակ Վլադիմիր Պուտինն ունի իր 32% քաղաքացիների վստահությունը` դա շատ ցածր վարկանիշ է ավտորիտար երկրի համար: Եվս մեկ նավթային տերությունում՝ Ալժիրում, խնդիրների այդ համադրումը մարդկանց փողոց է դուրս բերում` այդ հեռանկարը խիստ անհանգստացնում է և Ղազախստանին, և Ռուսաստանին: Նազարբաևը լուծում է այդպիսի հավասարում` նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով Կասիմ Ժոմարտ Տոկաևին, որ անմիջապես առաջարկեց վերանվանել մայրաքաղաք Աստանան Նուր Սուլթան, որ թարգմանվում է «Լուսավոր սուլթան»:
Նազարբաևը Սենատի նախագահ նշանակեց դստերը` 55-ամյա Դարիգային` օրինական դարձնելով իշխանության դինաստիական փոխանցումը: Վլադիմիր Պուտինն ըստ էության դա չի անի: Նա անձի պաշտամունքից հեռու է և իր երկու դուստրերին հասարակական ուշադրությունից դուրս է պահում: Լուրեր կան, որ Պուտինը կգլխավորի Ռուսաստան-Բելառուս դաշնային պետությունը, որ ողջ ուժով փորձում է նյութականանալ: Բելառուսում 24 տարի նախագահող Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվում է երկրոդական դերում լինել ռուս գործընկերոջ առաջ: Նա սկսել է քաղաքական ասպարեզում առաջ մղել իր որդուն դեռ վաղ պատանեկությունից:
Սրան զուգահեռ Պուտինի աշխատակազմը քննարկում է նրա իշխանությունը երկարաձգելու հնարավորությունները:Պուտինի 4-րդ ժամկետը կսպառվի 2024-ին: Երկու ժամկետ առաջ նրա իշխանության շարունակումը լուծվել է փոխատեղման տարբերակով` Սահմանադրությամբ բացառվում է երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությունը: Պուտինը դարձավ վարչապետ, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ընտրվեց նախագահ: 2008-2012-ի փոխատեղումը կրկնելու հնարավորությունը տեսականորեն նորից կա, բայց վերլուծաբանների կարծիքով` Կրեմլը չի ցանկանա նույն հնարքին դիմել: Ռուսաստան-Բելառուս ընդհանուր պետության նախագահ դառնալը տարբերակ է, բայց Լուկաշենկոն ամիսը մեկ ասուլիս է հրավիրում ու հայտարարում, որ անկախությունը սրբություն է Բելառուսի համար: Ռուսաստանում կարող են ստեղծել նոր ատյան՝ Պետական խորհուրդ, որին կփոխանցվեն շատ մեծ լծակներ: Նազարբաևի սցենարը, որի հիմքում գուցե նաևՀայաստանում Սերժ Սարգսյանի ձեռնարկած փորձն էր` մեծ լիազորություններ տալ Անվտանգության խորհրդին, հետաքրքիր է և կարող է ընդունելի լինել ՌԴ քաղաքական վերնախավի համար` էլիտային անհրաժեշտ է գերագույն անաչառ մրցավար, որ հսկում է ու ուղղորդում իշխանությանը: Առավել հավանական տարբերակ է Սահմանադրության փոփոխությունը, թեպետ Պուտինը բազմիցս ասել է, որ չի ցանկանում հանուն իշխանության փոխել Սահմանադրությունը: Ի դեպ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ 2019-ի դեկտեմբերին հնարավոր է բարեփոխել մայր օրենքը:
Անդրանիկ Հարությունյան