Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի դեմ կայանալիք խաղի մասին
СпортՖինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվայի կարծիքով Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Հայաստանի դեմ խաղը հեշտ չի լինելու: Մարզիչն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Վաղը դժվար խաղ ենք ակնկալում: Հիասթափված ենք Իտալիայից կրած պարտությունից, սակայն ամեն ինչ անելու ենք Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելու համար: Հայաստանի հավաքականը մեզ համար դժվար մրցակից է, դուք ունեք լավ ֆուտբոլիստներ, ինչպիսին, օրինակ, Հենրիխ Մխիթարյանն է: Հայաստանն իր ուժը ցույց տվեց Ազգերի լիգայում՝ Մակեդոնիային հաղթելով 4:0 հաշվով»,-նշեց Կաներվան:
Մարզչի խոսքով՝ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ումից ամենաշատը պետք է վտանգ ակնկալել:
«Փորձելու ենք խաղալ հաղթանակի համար, ինչին հասնելու համար պետք է լավ պաշտպանվել և լավ հարձակվել: Եթե մենք շատ հնարավորություն ունենանք և ոչ-ոքի խաղանք, ապա հիասթափված կլինենք»,-փաստեց նա:
Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի 21:00-ին: