«Օպտիմալացումը որակում եմ խիստ բացասական». Ժիրայր Դադասյանը՝ հետհեղափոխական ակնկալիքների և մշակույթի մասին. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Թատրոնի միջազգային օրը զանգահարեցի Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին՝ հետհեղափոխական Հայաստանի, իր՝ որպես քաղաքացու ունեցած ակնկալիքների մասին զրուցելու: Պարոն Դադասյանն ասում է, որ այդ մասին ավելի շուտ լռում է, քան խոսում:
«Իմ պատասխանը լռությունն է, իսկ այն նույնպես տեղեկատվություն է պարունակում: Ամեն ինչ երևում է առանց իմ ասելու էլ: Ասելիք չունեմ այս կապակցությամբ: Գիտեք, ես մի քիչ էքզիստենցիալ եմ այդ հարցում: Օրինակ, Ժան Պոլ Սարտրն ասում էր, որ լռությունը խոսքի աուդենտիկ ձևն է, և լռում է միայն այն մարդը, որը կարող է ինչ-որ բան ասել: Հիմա ես այդ մոտեցման կրողն եմ»,- նշում է զրուցակիցս և շարունակում.
«Ես կարող եմ խոսել այն մասին, որ որոշ ժամանակ առաջ մեզ ներկայացրել են մի շենք, որը նախատեսել են մեր թատրոնի համար, բայց արդեն հինգ ամիս է անցել, և դեռևս փաստաթղթային հստակություն չկա:
Կարող եմ փաստել, որ տիկին Մակունցը մեզ առաջարկել է մի հրաշալի տարածք մեր թատրոնի համար, մենք էլ համաձայնել ենք: Ցավոք սրտի, ամիսներ են անցել, բայց դեռ շարունակում ենք սպասել»:
Սա բյուրոկրատական քաշքշո՞ւկ է, թե՞ անտարբերություն, թատրոնի գեղարվեստական ղեկավարն ինքն էլ չգիտի. «Ճիշտն ասած, չգիտեմ: Շենքը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում, որտեղ երկար տարիներ տեղակայված էր հանրապետական զինկոմիսարիատը: Պատկանում է պաշտպանության նախարարությանը: Պետք է քննարկում տեղի ունենար Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ, այնուհետև համապատասխան որոշումը պետք է հաստատեր կառավարությունը և այլն, և այլն: Սա գործընթաց է, որը չգիտեմ՝ 5 ամսում հնարավո՞ր էր անել, թե՞ ոչ»:
Պարոն Դադասյանը նշում է, որ այդ տարածքն ավելի հեշտությամբ կդառնա թատրոն, քան այն տարածքը, որն իրենք ունեն: Վերջինս հիշեցնում է, որ վերջին 21 տարիներին ինքն անընդհատ բարձրաձայնել է թատրոնի՝ շենք չունենալու խնդրի մասին:
Ինչ վերաբերում է նրան, թե որքան ժամանակ կպահանջվի թատրոնը կառուցելու համար, արդյո՞ք սա երկարատև և աշխատատար աշխատանք է, զրուցակիցս ընդգծում է, որ դա կամքի խնդիր է:
«Եթե կամք լինի, ապա կարելի է մեկ տարում խնդիրը լուծել և վերջացնել: Բայց արդյո՞ք ցանկություն կա դա անելու: Մնջախաղի պետական թատրոնը միակն է, որ մինչև հիմա սեփական շենք չունի, իսկ սա կարևորագույն խնդիր է»:
Մշակույթի նախարարությունը միավորվեց կրթության և գիտության նախարարությանը: ՊՈԱԿ-ների լուծարման, միավորման, վերակազմավորման հարցեր առաջ քաշվեցին:
Օպտիմալացման այս գործընթացի հետ կապված կարծիքները խիստ տարաբնույթ են: Ի վերջո, սա ինչպե՞ս կազդի մշակույթի զարգացման, ճակատագրի վրա:
«Մշակույթը չի կարող զարգանալ առանց նախարարության: Օպտիմալացումը ես որակում եմ խիստ բացասական: Ավելին՝ մտածում եմ, որ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ նոր թատրոններ ծնվեն, ոչ թե դրանք փակվեն: Երբ ասում եմ, որ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, նկատի չունեմ, որ պետք է փող տան, այլ՝ պետական կարգավիճակ, պայմաններ ստեղծեն օրենսդրական դաշտում, որպեսզի նոր թատրոններ ծնվեն, թեկուզ փոքրիկ: Այլ ոչ թե ասեն՝ եկեք փողը խնայենք, փակենք, կպցնենք իրար: Դրանից թատրոնները շատ ավելի տուժելու են, մեր հանդիսատեսը՝ նույնպես: Ի դեպ, առանձնապես որևէ գումար չեն էլ խնայելու», - եզրափակեց Դադասյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում