«Մադրիդյան սկզբունքներ»-ի հակառակ կողմը
АналитикаՆախօրեին Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև երկար գովազդվող հանդիպումը, որը, ըստ էության, իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական հանդիպումն էր Ադրբեջանի նախագահի հետ։ Երկու երկրների ղեկավարների միջև նախորդ բոլոր շփումներին տրվել են տարատեսակ անվանումներ՝ ծանոթություն, խորհրդակցություն և այլն։
Անընդհատ շեշտվող այն փաստը, որ բանակցային սեղանին դրված է Մադրիդյան փաստաթղթը՝ իր երեք սկզբունքով և վեց տարրով, ակնհայտորեն չի բխում հայկական երկու պետությունների՝ Հայաստանի ու Արցախի շահերից, քանի որ այնտեղ թերևս չկա հայությանը, հայկական կողմին հետաքրքրող գլխավոր հարցի պատասխանը՝ ի՞նչ կարգավիճակ է վերապահվելու Արցախին։ Կարգավիճակի և անվտանգության գերխնդիրները, որոնց մասին միշտ սիրել են խոսել թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները, այս փաստաթղթում որևէ կերպ արտահայտված չեն։ Բազմիցս նշվել է, որ Մադրիդյան սկզբունքներում խոսքն ազատագրված տարածքները հանձնելու դիմաց ինչ-որ անորոշ հեռանկարով ու պայմաններով ինքնորոշման և հանրաքվեի մասին է։
Ակնհայտ է, որ այն հույսերը, թե Ադրբեջանն անընդհատ մերժելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ առաջարկությունները, իսկ Հայաստանը կառուցողական երևալու համար անընդհատ շեշտելու է, թե այդ փաստաթուղթը կարող է լինել բազային, այս պահի դրությամբ բերում է բավականին լուրջ խնդիրների, քանի որ համանախագահների վերջին հայտարարությունների վերաբերյալ Ադրբեջանի դրական վերաբերմունքը Հայաստանին փաստի առաջ է կանգնեցնում։ Եթե մինչ այժմ պաշտոնական Բաքուն մերժում էր այդ փաստաթուղթը, ապա այժմ, ըստ էության, փոխել է մարտավարությունը, և եթե Հայաստանի նախկին իշխանությունները նշում էին, թե համաձայն էին այս փաստաթուղթը քննարկելու, ապա Ադրբեջանի համաձայնությունից հետո ՀՀ գործող ղեկավարները փաստի առաջ են կանգնել։
Հայկական երկու պետություններն էլ հստակ արտահայտվել են, որ չեն պատրաստվում նման զիջումների գնալու, առավել ևս, որ Ադրբեջանը որևէ փոխադարձ զիջման մասին չի խոսում։Ադրբեջանն իր հերթին բնականաբար, չի պատկերացնում Արցախն իր կազմից դուրս։ Այս պարագայում պարզ է, որ սկզբունքային հարցերի շուրջ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը որևէ միլիմետր չեն մոտեցել բանակցային թեմաների քննարկման արդյունքում։ Առավել ևս, որ հայկական կողմը պնդում է, թե ձևաչափը պետք է վերանայել՝ Արցախը վերադարձնելով բանակցային սեղանի շուրջ ու վերականգնել դեռևս Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթնաժողովում ամրագրված բանակցային ձևաչափը։ Հանդիպումից հետո պարզ դարձավ, սակայն, որ Փաշինյանի խոստացած ձևաչափը, գոնե այս փուլում, ուղղակի դեկլարացիա է, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտորեն բացառում է Արցախի հետ բանակցելու հանգամանքը: Հատկանշական է նաև այն, որ ՄԽ համանախագահների հրապարակած հայտարարությունից պարզ է դառնում, որ բանակցության ընթացքում ոչ մի խոսաք չի եղել նաև Սանկտ-Պետերբուրգի և Ժնեևի պայմանավորվածությունների մասին:
Կարելի է կանխատեսել, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանն իրեն ապահովագրելու համար կսկսի շրջանառել այն թեզը, ըստ որի վիեննական ձևաչափը բանակցություններ կոչել չի կարելի, և դա ընդամենը հանդիպում է, որի ընթացքում ինքը փորձելու է սեփական օրակարգով հանդես գալ՝ մեջտեղ բերելով իր կողմից շրջանառության մեջ դրված հետևյալ թեզերը՝ Արցախը վերականգնել որպես բանակցային կողմ և միջազգային կառույցներից ու միջնորդներից պարզել Մադրիդյան փաստաթղթում առկա երեք սկզբունքն ու վեց տարրերը, քանի որ նշված կետերի նկատմամբ հայկական և ադրբեջանական կողմերն իրենց մոտեցումներն ու մեկնաբանություններն ունեն։ Սա Նիկոլ Փաշինյանի համար կարող է ժամանակ շահելու միջոց դիտարկվել, ինչը կավելացնի նրա բանակցային ռեսուրսը։
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ կա ռազմավարական տարաձայնություն ռուսների և ամերիկացիների միջև, ինչը թերևս կարող է Հայաստանին մանևրելու հնարավորություն տալ։
Անդրանիկ Հարությունյան