Թատրոնի կոլեկտիվը կարողացավ պաշտպանել իր շահերը
КультураԻնչպես ավելի վաղ հայտարարել էին մշակույթի գործիչները, այսօր բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց: Հիշեցնենք, որ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի կոլեկտիվի անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում էին չեղարկել Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի որոշումը:
Բողոքի ակցիայի ընթացքում մի խումբ արտիստներ հրավիրվեցին կառավարության շենք և հանդիպեցին վարչապետի հետ: Բարեբախտաբար, բանակցությունները հաջող ավարտ ունեցան՝ նախարարի որոշման կատարումը կասեցվեց և թատրոնի ներկայացուցիչներին հնարավորությունն տրվեց հակափաստարկներ ներկայացնել կառավարություն: Ակադեմիական թատրոնի ներկայացուցիչները վարչապետի հետ հանդիպումից հետո նշեցին, որ իրենք արդյուքներից գոհ են:
Նրանք ասացին նաև, որ չնայած դեռ ուրբաթ օրը Նազենի Ղարիբյանը հայտարարել էր, որ երկուշաբթի թատրոնի կոլեկտիվին կներկայացնի նոր նշանակված տնօրենին, սակայն այդպես էլ չիմացան, թե ում մասին է խոսքը, քանի որ վարչապետի որոշմամբ այդ գործընթացն առայժմ կասեցվեց:
Հանդիպման ընթացքում պարզվել է նաև, որ անգամ Ն. Փաշինյանը տեղյակ չի եղել, թե Ղարիբյանն ում է նշանակել տնօրենի պաշտոնում: Ինչ վերաբերում է նախարարության կողմից Օրբելյանին ազատելու մասին կառավարությանը ներկայացված հիմնավորումներին, վարչապետը վստահեցրել է, որ եթե պարզվի, որ դրանք թերի են եղել, ապա այն անհետևանք չի մնա:
ԹատրոնիգլխավորադմինիստրատորԺ. Տիգրանյանն էլ լրագրողներին տեղեկացրել է, որ Օրբելյանըթատրոնիգխավորդիրիժորը չէ, քանի որ ներկայում թատրոնում նման հաստիք չկա:
«Կան մի քանի դիրիժորներ, բայց կոնկրետ գլխավոր դիրիժորի հաստիք չկա»,- ասել է Ժ. Տիգրանյանը:
Հիշեցնենք, որ այդ հաստիքը կրճատվեց դեռ տարիներ առաջ, որից հետո գլխավոր դիրիժորի հաստիքը զբաղեցնող Կարեն Դուրգարյանը հայտարարեց, որ հաստիքը կրճատել են իրեն աշխատանքից հանելու համար և նեղացած հեռացավ Հայաստանից:
Այնուամենայնիվ, փաստենք, որ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շուրջ օրեր առաջ սկսված այս աղմուկը դեռ որոշ ժամանակ կշարունակվի: Բայց, ուրախալին այն է, որ թատերական գործիչները, կոմպոզիտորների միության անդամները, այլ արվեստագետներ ու արվեստասերներ միահամուռ կերպով պաշտպանեցին Օրբելյանին՝ հիշեցնելով, որ կան մարդիկ, որոնց տաղանդի առջև հարկավոր է խոնարհվել, ոչ թե վարչական լծակներ կիրառելով նսեմացնել և դրանով խաթարել մի ողջ կոլեկտվի անդորրն ու գործունեությունը:
Արմինե Գրիգորյան