Գուստավ Մալերի առեղծվածային 9-րդ սիմֆոնիան երկար ընդմիջումից հետո կրկին հայկական բեմում
КультураԱրդեն մեկ դարից ավելի աշխարհահռչակ ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերի ստեղծագործություններն իրենց տեղն ունեն սիմֆոնիկ նվագախմբերի երկացանկերում: Դրանք մինչ օրս շարունակում են ցնցել հանդիսատեսի հոգիները, ինչը խոսում է կոմպոզիտորի կատարելության հասած վարպետության մասին:
Հեղինակի սիմֆոնիաներից շատերը տարբեր ժամանակներում հնչել են նաև Հայաստանում, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբերի կատարմամբ: Ասել է թե՝ հայ հանդիսատեսին անծանոթ չեն ո՛չ Գ. Մալեր կոմպոզիտորի անունը, ո՛չ էլ նրա ստեղծագործությունները: Բայց, կոմպոզիտորի 9-րդ սիմֆոնիան շատ վաղուց չի կատարվել հայկական համերգասրահներում։
Եվ ահա, երկար ընդմիջումից հետո, մեծակտավ այս գործը կհնչի ապրիլի 6-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Ի դեպ, Մալերի սիմֆոնիաները կատարման առումով բարդագույն ստեղծագործություններ են, և նվագախմբից կատարողական մեծ վարպետություն է պահանջվում այն հաղթահարելու համար։ Սակայն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն արդեն իսկ կատարել է Մալերի թիվ 1, թիվ 5 և թիվ 6 սիմֆոնիաները։
Գ. Մալերի չորս մասից բաղկացած 9-րդ սիմֆոնիան պատմում է ողբերգական դրվագներով լի իր անցած ուղու մասին, որոնք նա կարողացել է հաղթահարել աշխարհի հանդեպ ունեցած մեծ ու ճշմարիտ սիրո և այդ ճանապարհին պատրանքներին հրաժեշտ տալու շնորհիվ:
Նշենք նաև, որ Մալերի 9-րդ սիմֆոնիան առաջին անգամ հնչել է իր մահից հետո, 1912 թվականի հունիսի 26-ին, Վիեննայում, իր աշակերտներից Բրունո Վալտերի ղեկավարությամբ, ով ոչ միայն իր ուսուցչի հետևորդն էր, այլև Մալերի ստեղծագործությունների քարոզիչը:
Այսինքն, ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ հայ հանդիսատեսի համար Մալերի ստեղծագործությունների բացահայտման նոր ժամանակաշրջան է սկսվում, ինչը նաև լավ առիթ է կրկին անդրադառնալու դրամատիկ կենսագրություն ունեցող կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործական ողջ ուղուն:
Արմինե Գրիգորյան