Պայմաններ՝ առավելություն տալուց առաջ.ՏՏ ոլորտի ներկայացուցիչը՝ նախագծից բխող անհավասարությունը շտկելու մասին. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դրույթներից մեկը մի շարք մտահոգությունների տեղիք է տվել: Նախագծում ընդգծվել է, որ վերոնշյալ օրենքի գործարկման արդյունքում 2015 թվականից սկսած` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառումը խթանել է ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը: Այդուհանդերձ, նշվել է, որ, միևնույն ժամանակ, առկա է օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցման բաց, որի լրացումից ակնկալվում է նաև կայացած միջազգային ընկերությունների կողմից համապատասխան ներդրումների ներգրավում:
Ըստ մի շարք դիտարկումների, այս դրույթը կարող է խնդիրներ առաջացնել մեր տեղի ընկերությունների համար: ՏՏ ոլորտի ներկայացուցիչ, ինժեներ Սևակ Ծատուրյանը մտահոգությունները մասամբ է կիսում:
«Մտահոգությունն անհավասարության ստեղծումն է, ըստ որի՝ հինգ կամ ավելի տարիների փորձ ունեցող արտասահմանյան, տեղական, ինչպես նաև տեղի նորաստեղծ կազմակերպություններին նույն առավելությունն է տրվում, ինչի հետևանքով իրենք ոչ հավասար վիճակում են հայտնվում: Բայց, այդուհանդերձ, կարծում եմ, որ չկա ռիսկ, որ դրա հետևանքով IT տեղական կազմակերպություններ կփակվեն: Բացի այդ, չեմ կարծում, թե օտարերկրյա կազմակերպությունների այնպիսի մեծ հոսք կլինի, ինչը կհանգեցնի տեղական կազմակերպությունների փակմանը, այսինքն, մասնագետներին կկարողանան տանել տեղական ստարտափներից, ու արդյունքում դրանք կփակվեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց Սևակ Ծատուրյանը:
Նրա խոսքով, լավ կլիներ, որ Հայաստան եկող օտարերկրյա կազմակերպությունների համար առավելություններն այլ օրենքներով ու դրույթներով կարգավորվեին. «Բացի այդ, լավ կլիներ, որ նաև որոշակի պայմաններ դրվեին նրանց առաջ: Օրինակ, եթե ցանկանում են օգտվել առավելությունից, ապա պետք է մասնագետների վերապատրաստման որոշակի աշխատանք կատարեն: Առավելություն տալուց միգուցե պայման լինի, որ բացվող կազմակերպության աշխատակիցների որոշակի մասը սկսնակ ծրագրավորողներ լինեն, կամ լինեն ուսուցման կենտրոններ: Նման միջոցներով ու մեխանիզմներով կարելի է հավասարակշռել: Եվ կարելի է միայն այդ պայմաններին բավարարող ընկերություններին առավելություն տալ: Ես մի կողմից հասկանում են, որ նախագծով փորձել են գործող օրենքի բացերը փակել: Այսինքն, մտավախություն է եղել, որ տեղի կազմակերպություններից մի քանիսը դրվում նոր կազմակերպություն կբացեն և առավելություն ստանալու, քիչ հարկեր վճարելու համար կգան, կգործեն: Փորձել են դա փակել, բայց, ամեն դեպքում, դա բերում է անհավասարության»:
Անդրադառնալով ՏՏ ոլորտին՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ այս փուլում նախարարության կողմից աշխատանքներ են տարվում տարբեր ուղղություններով, օրինակ՝ հեղինակավոր կազմակերպություններին Հայաստան բերելու, ինչպես նաև նոր հնարավորություններ ստեղծելու:
Միտումներն, ըստ նրա, դրական են, բայց, որպես խնդիր, առանձնացնում է տեղի համալսարանների ուսուցումը:
«Մեր ոլորտի մասնագետները ավելի շատ իրենք իրենց վրա աշխատելով են մասնագետ դառնում: Ես 12 տարի առաջ եմ ավարտել և կարող եմ ասել, որ հիմա էլ շատ բան չի փոխվել՝ միայն համալսարանի տված գիտելիքը բավարար չէ: Հիմնականում կա՛մ ինքնակրթվում են, կա՛մ վերապատրաստման կուրսերի մասնակցում և հետո միայն դառնում մասնագետ: Ցանկալի կլինի, որ վերապատրաստման հատվածն էլ համալսարանում լինի»,-եզրափակեց Ս. Ծատուրյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում