Ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ խոսում
АналитикаԱյն, որ անկախությունից հետո փողը՝ որպես ապրանք, երկրում վաճառվող ամենաթանկն է եղել, փաստ է: Եվ, որ փողի առևտրից ժամանակին շատերը հարստացան, սա էլ է հասկանալի բոլորի համար: Անցան ժամանակներ, ու մետրոյի կայարանների մոտ էստի համեցեք գոռացողներին փոխարինեցին բանկերն ու գրավատները: Այսինքն՝ փողի վաճառքը տեղափոխվեց ինստիտուցիոնալ տիրույթ, հնարավություն տալով ձեռնարկատերերին աշխատել, վաստակել ու նաև հարկեր վճարել:
Ըստ ազատ շուկայական հարաբերությունների տամաբանության՝ հասարակության մի մասը սկսեց փողի վաճառքով զբաղվել: Եվ ձևավորվեցին գրավատները, վարկային կազմակերպությունները: Ու հիմա, երբ ամեն քայլափոխի սնկի պես դրանք աճել են ու փող վերցնելն ավելի հեշտ է դարձել, պարզվում է, որ կան նաև այնպիսիք, որոնք նույնիսկ 800 տոկոսով են գումար տրամադրում: Այս մասին, ի դեպ, կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարեց վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Հիմա առաջարկվում է այս կազմակերպություններին տրվող տարեկան լիցենզիայի չափը 60 անգամ բարձրացնել, հավանաբար մտքում ունենալով այն սցենարը, որ այդ դեպքում փոքրերը կփակվեն, խոշորներն էլ ավելի վերահսկելի կդառնան: Բայց այս խառնաշփոթում հասկանալի չէ, թե, օրինակ, կանգառներում իրենց մասին տեղեկություն տարածողներին ինչպես են վերահսկելու:
Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն առայժմ չկա: Դրա փոխարեն կառավարության շենքի դիմաց չեն դադարում հավաքվել գրավատների ու վարկային կազմակերպությունների աշխատակիցները, քանի որ բազմաթիվ հարցեր ունեն, բայց նրանց, փաստորեն, պատասխանող չկա:
Հիմա հարց՝ ինչո՞ւ են այս ոլորտի աշխատակիցների բողոքներն անտեսվում, և այդպես էլ պարզ չի դառնում, թե, ասենք, ինչ հաշվարկի արդյունքում է որոշվել լիցենզիայի չափը 60 անգամ բարձրացնել և որքանով է այդ գործակիցն արդարացված:
Մյուս կողմից էլ պարզ չէ, թե ինչպե՞ս է պատահել, որ մեր երկում 800 տոկոսով «պարտքով» գումար տվողների խումբ է ձևավորվել, իսկ այդ մասին, փաստորեն, ոչ ոք չի իմացել: Առավել ևս, որ այսօր կանգառներում և բոլոր մարդաշատ վայրերում կարելի է հանդիպել՝ օրը 24 ժամ շաբաթը 7 օր անհասկանալի պայմաններով վարկով գումար տվողների մասին իրազեկումների, ինչը, կրկին, պատկան մարմինների սուր աչքը կարծես թե չի տեսնում:
Արմինե Գրիգորյան