Չի՛ կարելի Սևանին որպես ոռոգման լճի վերաբերվել ու նախկին իշխանությունների սխալը կրկնել
ЭкономикаԱյսօր կառավարության հերթական նիստի ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Սևանա լճի մակարդակը յոթ սանտիմետրով պակաս է անցած տարվա համեմատ, բայց առաջիկա երկու ամսում մոտ 45 սմ-ով կբարձանա: Նախարարը նշեց նաև, որ տարեվերջին, երբ ջրառի սեզոնն ավարտվի, լճի մակարդակը 5-10 սմ ավելի բարձր կլինի, քան ներկայում է:
Բնապահպան Սիլվա Ադամյանը Orer.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սևանի խնդրին նշեց, որ ջրառի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ Սևանը բազմաթիվ խնդիրներ ունի, որն անմիջականորեն կապված է ջրի որակի հետ:
«Սևանի էկոլոգիական խնդիրները կապված են ջրի որակի հետ, որի պատճառը ջրառն է: Ինչ վերաբերում է Սևանի մակարդակը 45 սմ-ով բարձրանալուն, ապա դա գրանցվում է մասնագետների կողմից և հունիս ամսին կարող ենք կրկին անդրադառնալ այդ ցուցանիշին: Եթե կառավարությունը մտածում է, որ լճի ջրի մակարդակը բարձրանալուց հետո այդտեղից նորից կարող են ջրառ իրականացնել, ապա պետք է հիշեն, որ դրա հետևանքով լճի խնդիրները ոչ թե կլուծվեն, այլ կմնան նույնը:
Բոլոր մասնագետներն անվերջ կրկնում են, որ Սևանի խնդիրները լուծելու համար հարկավոր է գոնե առաջիկա 5-6 տարին այնտեղից ջուր չվերցնել, քանի որ ջրի ամբողջ էկոլոգիան խախտված է: Եվ եթե նույնը շարունակվի, ապա մենք կունենանք ճահճացման խնդիր, ջուրը կորակազրկվի, ինչը մահացու կլինի Սևանի համար»,- ասաց Ս. Ադամյանը:
Բնապահպանի խոսքով՝ բոլորն այդ մասին գիտեն: Գիտեն նաև, որ պետք է լճին գոնե մի քանի տարի հանգիստ թողնել ու ջրառ չիրականացնել, քանի որ ամեն մի կաթիլ ջուրը կարող է ճակատագրական լինել Սևանի համար: Ջրառն այլ կերպ կազմակերպելը բնապահպանն իրատեսական է համարում, քանի որ ոլորտով զբաղվող գիտնականներն ու մասնագետներն այլ առաջարկներ ունեն, բայց թե ինչ որոշում կկայացնի կառավարությունը, ինքը չի կարող ասել:
«Այս ամենով պետք է մասնագետները զբաղվեն, բայց, փաստորեն, տարիներ շարունակ ջրային տնտեսությունն այնպիսի մարդիկ էին ղեկավարում, ովքեր լուրջ կոռուպցիոն խնդիրների մեջ էին խրված: Օրինակ, նախկին նախարար Արամ Հարությունյանը: Նա երկար տարիներ ինչ ուզեց արեց, հետո եկան այլ մարդիկ, ովքեր ուրիշ անձնական ամբիցիաներ ունեին, բայց որևէ մեկն այդպես էլ չզբաղվեց ջուրը խնայելով: Նրանք բոլորն էլ զբաղված էին միայն օգուտներ ստանալով:
Բնապահպանները մշտապես ահազանգել են այդ ամեն ինչի մասին, բայց դրանց, ցավոք, որևէ արձագանք այդպես էլ չի եղել: Ամենահեշտը Սևանից ջուր վերցնելն է: Լիճը քավության նոխազ է դարձել բոլորի համար, բայց մենք բազմիցս ասել ենք, որ պետք է ջրամբարների խնդիրը լուծել ու Սևանին հանգիստ թողնել: Սակայն, ստացվում է, որ ինչպես նախորդ կառավարությունը, այնպես էլ այս կառավարությունը նման ցանկություն չունեն: Մի օր բոլորը պետք է հասկանան որ չի կարելի Սևանին որպես ոռագման լճի վերաբերվել: Դա մեծագույն սխալ էր, որը չի կարելի կրկնել»,- ասաց Ս. Ադամյանը:
Արմինե Գրիգորյան