«Համակարգն այս ձևով չի աշխատի՝ կառուցվածքը սխալ հիմքերի վրա է». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Այսօր ունենք մի իրավիճակ, երբ որոշ շրջանակների բարձրաձայնած հարցերը եթե չեն լուծվում, ապա առնվազն քննարկվում են ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով: Շատ դեպքերում կան հարցեր, որոնք ենթակա են քննարկման առնվազն նախարարների, մարզպետների, վարչության պետերի, անգամ նրանց տեղակալների մակարդակով, բայց ոչ՝ ամեն ինչ մեկ անձի շուրջ է և նրա միջոցով:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանը ստեղծված իրավիճակը ավելի լայն խնդրի տրամաբանության մեջ է դիտարկում ու մատնանշում մինչ հեղափոխությունն առկա իրավիճակը:
«Ինչ-որ իմաստով վերոնշյալ խնդիրները բնական են. մենք այսօր ունենք մի համակարգ, որտեղ կային օրենքներ, որոնք ժողովրդի մեծամասնության համար էին, և որոնք կիսատ-պռատ էին աշխատում: Կային նաև արտոնյալներ, այդ թվում՝ պետական գերատեսչություններ, որոնք ուրիշ պայմաններով էին աշխատում: Մենք ունեինք մի իրավիճակ, երբ բանավոր պայմանավորվածություններն ավելի կարևոր էին, քան օրենքները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Կիրակոսյանը՝ նշելով, որ այսօր խնդիրը հենց նշված համակարգն աշխատեցնելու մեջ է:
«Որոշակի ժամանակ էր պետք այդ խնդիրը լուծելու համար: Հիմա մենք տարբեր տեղերում հենց օրենքի կիրառման հետ կապված խնդիրներ ենք տեսնում: Մեծ հաշվով, նախկինում ունեցած համակարգն աշխատեցնելն անընդհատ խնդիրներ է բերելու: Այսօր կառավարման համակարգի խորքային ռեֆորմների կարիք կա: Եվ դրանից ելնելով՝ ինչ-որ իմաստով բնական է, որ հարցերի մեծ մասն ամբողջությամբ դեպի վարչապետ է գնում»,-ասաց մեր զրուցակիցը:
Արտակ Կիրակոսյանը այլ խնդիր էլ է առանձնացնում.
«Երբ նոր իշխանությունները եկան իշխանության, իմ պատկերացմամբ, իրենք կարծում էին, որ ավելի լավ վարչարարությամբ կարող են լուծել երկրի խնդիրները: Կարծում էի, որ այդ պատկերացումը մոտ մեկ տարի հետո այլևս չի լինի, այսինքն, այն, որ ընդամենը վարչարարության խնդիր է, որովհետև նախորդները կոռումպացված էին, վարչարարությունը ճիշտ չէին անում, նոր մարդիկ եկան ու կուղղեն այդ իրավիճակը: Մինչև կառավարման համակարգն ամբողջությամբ չվերափոխվի, մենք ունենալու ենք այն խնդիրը, երբ շատ հարցերի առումով ամենաբարձր մակարդակով պետք է միջամտություն լինի: Կես տարի է անցել, և հուսով եմ՝ առաջիկայում կառավարման համակարգի վերափոխման անհրաժեշտությունը բացահայտ կլինի բոլորի, այդ թվում՝ իշխանությունների համար: Սկսած մշակույթի ոլորտում առկա խնդիրներից, մնացած գրեթե բոլոր ոլորտներում ևս նույն իրավիճակն է: Մեր ունեցած օրենսդրական կարգավորումներն ու կառավարման համակարգը բավարար չեն մարտահրավերներին համարժեք պատասխանելու համար»:
Ա. Կիրակոսյանը համամիտ է՝ կա նաև մարդկանց՝ իրենց տեղում լինելու և պրոֆեսիոնալիզմի խնդիր, բայց այդ հարցը ևս վերոնշյալ՝ ավելի մեծ խնդրի մեջ է դիտարկում: «Շատ բարդ իրավիճակ է, որը շարունակվում է: Իհարկե, կա նաև պրոֆեսիոնալիզմի և այլնի խնդիր, բայց եթե անգամ հիմա պատկերացնենք, որ բոլոր օղակներում լավագույններն են, ամենապրոֆեսիոնալները, միևնույն է, համակարգը չի աշխատի, որովհետև իր ամբողջ կառուցվածքը սխալ հիմքերի վրա է: Պետք է խորքային բարեփոխումների ծրագիր, ինչը, հուսով եմ, շատ շուտով արդիական է լինելու ու դրվելու է իշխանության օրակարգում: Հակառակ դեպքում այս ձևով ուղղակի չի ստացվի, համակարգը չի աշխատի»,-ասաց նա:
Մեր զրուցակցի խոսքով, ընդհանուր առմամբ, ոչ թե նույնիսկ ծրագիր, այլ հայեցակարգ է անհրաժեշտ:
«Ծրագիրը գործողությունների պլան է, բայց այդ ամենը պետք է հայեցակարգից բխի: Այնինչ, մենք պետական համակարգի բարեփոխումների հայեցակարգ չունենք: Բայց միակ լուծումը դա է՝ ուրիշ տարբերակ չկա: Ի դեպ՝ դրան շատ վաղուց սպասում են նաև միջազգային գործընկերները: Եվրամիությունը պատրաստ է բարեփոխումների համար աջակցել Հայաստանին, և իրենք ևս սպասում են, թե երբ պետք է առարկայական խոսակցություն լինի, ինչն էլ նոր կառավարման համակարգի ձևավորման հիմք կդառնա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում