Կադաստրում 1999 թվականից գրանցված և չտրամադրված վկայականներ կան
АналитикаԳաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն նախկինում, մեղմ ասած, այնքան վատ է աշխատել, որ մարդկանցից շատերը չեն էլ ցանկացել նրանց հետ գործ ուենալ:
Կադաստրի վատ, փնթի ու անհասկանալի տրամաբնությամբ աշխատանքը, բնականաբար, իր նպատակն է ունեցել՝ մարդկանց մոլորության մեջ գցել, հետո վկայական տալը որպես լավություն որակել ու այդ լավության դիմաց որոշակի ակնկալիք ունենալ: Այս խաղի կանոններին հարմարվողները բնականաբար ցանկացած մութ ու սև գործարքի համաձայնվում էին, միայն թե կարողանային սեփականաշնորհման վկայական պոկել: Իսկ ովքեր չէին ցանկանում ավելորդ գումար նվիրաբերել, տարիներով սեփականության իրավունքի վկայական չէին վերցնում, մտածելով, որ մի օր բոլոր զարդուղի ճանապարհները կվերանան, և իրենք կկարողանան առանց մութ գործարքների իրենց հասանելիք սեփականության գրանցման պետական վկայականը ստանալ:
Հետաքրքիր է, որ կան ավելի զավեշտալի դեպքեր, երբ մի քանի անգամ անվանափոխված փողոցի վրա գտնվող տունը կամ շենքը կադաստրում մի հասցեի տակ է հաշվառված եղել, քաղաքացուն տրված անձնագրում նույն հասցեն այլ անունով է նշված եղել, իսկ տվյալ տան կամ շենքի փողոցի անունը այս երկուսի հետ կապ չունեցող երրորդ անունն է ունեցել: Եվ կախված հանգամանքից, թե սեփականաշնորհման վկայականն ու անձնագիրը ժամանակային ինչ տարբերությամբ է տրվել, կարող էր մի պատկեր ստացվել, որ քաղաքացին գրանցված է մի հասցեում, իսկ իրեն պատկանող սեփականությունն այլ հասցեում է գտնվում:
Այլ խնդիրներ էլ կան, որոնք այսօր են ի հայտ գալիս՝ նոր սեփականաշնորհման վկայական ստանալու ժամանակ: Պարզվում է, նախկինում, հատկապես մասնավոր տների սեփականատերերին պատկանող գույքը՝ տունը, հողամասը, հավանաբար միտումնավոր, սխալներով են գծել, որպեսզի հետագայում դրա առք ու վաճառքի կամ այլ ձևակերպման ժամանակ նոր վկայական տալու ժամանակ կրկին փող պոկելու առիթ առաջանա:
Կան դեպքեր, որ, օրինակ, նախկին հատակագծում գետնից մեկ ու կես մետր բարձրության վրա գտնվող տան դիմաց կառուցված ո՛չ հարթակն են գծել, ո՛չ էլ աստիճանները: Եվ, փաստոցի, ստացվել է, որ տվյալ շինություն մուտք գործելու համար մարդիկ կամ բարձր ցատկելու հատկություն են ունեցել, կամ օդապարիկով են տուն մտել: Դա դեռ բավարար չէ, հիմա էլ պետք է ապացուցեն, որ գետնից բավականին բարձր տուն օդապարիկով չեն մտել:
Նախկինում սեփականատերերը վկայական ստանալու ժամանակ ուրախությունից նման «մանրուքների» վրա ուշադրություն չեն դարձրել, բայց հիմա կանգնել են փաստի առջև, քանի որ պետք է վաղուց ապացուցված ու հայտնի բաներ ապացուցեն:
Մեկ հետաքրքիր տեղեկություն ևս: Պարզվում է Կադաստրի պետական կոմիտեում պետական գրանցում ստացած և քաղաքացիներին չտրամադրված 5920 սեփականության իրավունքի վկայական կա: Ի դեպ, դրանց մեջ կան նաև1999 թվականին թողարկվածներ և, փաստորեն, արդեն 20 տարի է վկայականները սեփականատերերին հանձնելու փոխարեն մնացել են կադաստրի դարակներում:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռուզաննա Խաչատրյանը Orer.am-ի հարցին, թե՝ ի՞նչ է արվում այդ վկայականներն իրենց տերերին հանձնելու ուղղությամբ նշեց, որ ինքն իրավասու չէ նման հարցերի պատասխանել և ուղղորդեց տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, այնտեղից էլ մեզ տեղեկացրեցին, որ չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը:
Արմինե Գրիգորյան