Ես համոզված եմ, որ վերջում ասելու են՝ շնորհակալություն, ամեն ինչ նորմալ է
ЭкономикаԱյսօր ՀՀ ՊԵԿ hետքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացրել «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ում, որը հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը:
Orer.am-ին ՊԵԿ-ից հայտնեցին, որ խուզարկությունն իրականացվել է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
«Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ քննչական և դատավարական գործողություններն իրականացվում են օրենքի պահանջների շրջանակներում և, միաժամանակ, հորդորում զերծ մնալ օրինական գործընթացներին քաղաքական ենթատեքստ տալուց և այդ եղանակով ՊԵԿ աշխատակիցների վրա ազդելու փորձերից»,- տեղեկացնում են ՊԵԿ-ից:
«Առինջ Մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանն էլ Orer.am-ին տեղեկացրեց, որ իր համար զարմանալի էր ՊԵԿ աշխատակիցների կողմից նման ձևով շուկա մուտք գործելը: Նույնիսկ աշխատողներն ու հաճախորդներն են վախեցել և մտածել են, թե ԱԱԾ-ից են:
«Հարկեր վճարելու մեկ օրվա կամ մեկ ժամի ուշացում չունենք: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է: Ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին ստուգումեր են իրականացվում՝ ՀԴՄ, գրանցված աշխատող և այլն, բայց որ այսքան հոգով գան ու սկսեն մեզ ստուգել, նման բան չէր եղել: Թող էլի տասը հոգով գային, ինչ պետք լիներ, ես իրենց կտրամադրեի, բայց ոչ այդ ձևով:
Լրատվականները սկսել են լուրեր տարածել, թե «Առինջ մոլը» պլոմբել են, փակել են, բայց ինձ հետաքրքիր է, թե ո՞ւմ էր պետք, որ «Առինջ մոլի» անունի հետ խաղան: Ես այդ ամենը պարզելու եմ, բոլոր լրագրողներին հրավիրելու եմ ու ցույց եմ տալու, թե ովքեր են այս ամեն ինչի հեղինակները եղել: Ժողովուրդն ուզում էր Երևան-Սևան ճանապարհը փակել, բայց ես խնդրեցի, որ նման բան չանեն: Սովորական ստուգում են իրականացնում, թող ստուգեն, նորմալ է: Ես համոզված եմ, որ վերջում ասելու են՝ շնորհակալություն, ամեն ինչ նորմալ է: Բայց, ինչպե՞ս կարելի է մարդկանց սթրեսի մեջ գցել, դեռ մի բան էլ լուրեր տարածել, թե «Առինջ մոլը» փակվում է, մի բան, որն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց «Առինջ Մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանը:
Արմինե Գրիգորյան