Հայ մարմնամարզիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
СпортԼեհաստանում ապրիլի 10-ին մեկնարկում է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը հանդես կգա 6 մարմնամարզիկներով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան, Վահագն Դավթյան, Վիգեն Խաչատրյան եւ Արթուր Ավետիսյան:
Եվրոպայի առաջնությունում որակավորման փուլը մեկ օր է տեւելու՝ ապրիլի 10-ին: Բազմամարտի որակավորման փուլում հանդես կգան Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Արթուր Ավետիսյանը: Առանձին գործիքների վրա կպայքարեն Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը: Բազմամարտում եզրափակիչ դուրս կգան 24 լավագույնները, իսկ առանձին գործիքների վրա՝ 8 լավագույնները:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է հունիսի 21-30-ը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի համար: Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ 10-օրյա հավաք է անցել Թբիլիսիում: