Սերգեյ Շաքարյանց. «Օրակարգ են մտցվում դավադիր, այդ թվում՝ հակահայկական գաղափարներ». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդեն տևական ժամանակ է, ինչ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարում է Արցախը Հայաստանի կազմում մարզի կարգավիճակով ներառելու նախաձեռնության և ստորագրահավաքի մասին: Ավելին, այս կուսակցության լիդերները պարբերաբար հայտարարում են, որ «Արցախը Հայաստանի մարզ է»: Ավելին, հակառակը պնդողներին պիտակավորում և վիրավորում են: Առաջիկայում էլ նախաձեռնում են իրականացնել «Արցախ միասնության ավտոերթը», ինչի մասին արդեն հայտարարվել է: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշված նախաձեռնություններին, մեղմ ասած, վերապահումով է մոտենում:
«Առաջին անգամ չէ, որ նման թեմայով փորձում են շեղել մեր ուշադրությունն այն իրավիճակից, որը տիրում է Արցախում: Առաջին անգամ, ինչպես հայտնի է, եղել են ամոթալի բախումներ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նկատի ունենալով 2015թ. Բերձորում տեղի ունեցած բախումները, որոնք եղել էին «100- ամյակն առանց ռեժիմի» շարժման՝ Արցախ իրականացվող այցի ժամանակ:
«Փաստն այն է, որ այդ մարդիկ չեն խելոքացել: Նրանք մնացել են իրենց տարերքի մեջ: Ինչո՞ւ հիմա չի կարելի նման առաջադրանքով առաջ գալ ու ամբողջ հասարակությանը պարտադրել այն մտքին, թե այդ հարցից կարևոր բան չկա: Պատճառը մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակն է: Բայց նրանք չեն հասկանում՝ ինչի մասին է խոսքը: Նման առաջադրանքով են առաջ գալիս ու չեն ուզում հաշվի նստել այն փաստի հետ, որ իրավիճակը բավականին պայթյունավտանգ է: Ի դեպ, առաջին տարին չէ, որ պայթյունավտանգ է: Ու փոխարենն ուժերի չափով աջակցություն ցուցաբերեն Արցախի Հանրապետության օրինական իշխանություններին, օրակարգ են մտցվում դավադիր, այդ թվում՝ հակահայկական գաղափարներ, որոնց շուրջ էլ ստեղծում են շարժում, ավտոերթ…»,-ասաց նա՝ նշելով, որ քաղաքական ասպարեզը վակուում չի հանդուրժում:
«Նամանավանդ, երբ հարևան հանրապետությունում արձակված ռազմական պատրաստականության հրամանի մասին ենք իմանում: Բայց՝ ոչ, իրենք այդպես են ուզում: Անհանդուրժելի է, երբ մարդիկ նման քայլերի են դիմում այն ժամանակ, երբ հակառակը պետք է անեն՝ մասնակցեն ու աջակցեն մոբիլիզացմանը: Բայց՝ ոչ, նրանք ուզում են շարունակել պառակտել հասարակությանը: Սա է գլխավոր պատճառը, և նրանք աշխատում են ոչ թե միավորման, այլ հակառակը՝ հասարակության պառակտման ուղղությամբ»,-ասաց մեր զրուցակիցը:
Սերգեյ Շաքարյանցը շեշտեց՝ միասնության գաղափարն առողջ գաղափար է. «Եթե մեզանում մնացել են մարդիկ, որոնք հիշում են պատմությունը, ապա նրանք գիտեն, որ ամբողջ շարժումը սկսվել է հենց միացում կարգախոսով: Որևէ մեկը դեմ չէ միացման գաղափարին: Ուղղակի պետք է դեմ լինել վերոնշյալ մոտեցմանը: Իրենց օգտագործել են 2016 թվականին, օգտագործում են նաև հիմա: Իրենք չեն գիտակցում, որ օգտագործման գործիք են այն մարդկանց համար, ովքեր պատվիրեցին նման ավտոերթ, կամ որևէ մեկ ուրիշ միջոցառում: Նրանք չեն գիտակցում, և դա բացեիբաց երևում է: Վերջիվերջո, թող հիշեն, որ հայ են: Ի վերջո, կարելի է միացնել հետին խելքն ու հասկանալ, թե ինչքա՞ն կարելի է ուրիշ օղակներին թույլ տալ, որ նրանք քեզ օգտագործեն: Սա է հարցը, հիմա ավելի անհեթեթ կերպով են թույլ տալիս, որ իրենց օգտագործեն: Բայց բազմաօգտագործման գործիքները վերջում թափում են: Իրենք սա ևս չեն գիտակցում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում