Ադրբեջանը փաստի առաջ է կանգնել
АналитикаՕրերս ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Բրյուսելն ու Բաքուն «երկկողմ, ամբիցիոզ համաձայնագրի կնքման ավարտական, վճռորոշ փուլում են»: Նա ճշտել է, որ խոսքը «նոր առևտրական ու քաղաքական համաձայնագրի մասին է»: Ադրբեջանի ու ԵՄ բանակցությունները 3 ուղղությամբ են: Առաջինը ներառում է քաղաքականության ու անվտանգության հարցերը, երկրորդը` առևտրի ու ներդրումների, երրորդը` տնտեսական ոլորտի, սոցիալական, մարդասիրական և այլ ծրագրերի: Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հաստատել է, որ «երկու կողմերը շատ մոտ են գործակցության նոր համաձայնագրի կնքմանը, վիճելի կետերի 90% արդեն լուծված է»:
Եվրոպացի փորձագետների կարծիքով` Բրյուսելն ու Բաքուն շտապում են` հույս ունենալով բանակցություններն ավարտել մինչև Եվրախորհրդարանի մայիսյան ընտրությունները, որովհետև Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորումը կարող է կամ երկարաձգել, կամ ընդհանրապես փոխել բանակցային ամբողջ գործընթացը: Երկրորդ ու երրորդ ուղղություններով կողմերը կարծես թե պայմանավորվել են: Բայց չի անցնում առաջին ուղղության ադրբեջանական ձևակերպումը` քաղաքականը: Բրյուսելը կտրականապես հրաժարվում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել»: Ընդ որում` եվրոպական որոշ պետություններ ու որոշ քաղաքական ինստիտուտներ Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների կառուցման մակարդակում ընդգծում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը: Բայց այն բացակայում է Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում: Բրյուսելը հայտարարում է, որ ճանաչում է Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ընդունված սահմաններում:
Փաստացի ստացվում է այնպես, որ ԵՄ-ն Բաքվի նկատմամբ չի օգտագործում միջազգային իրավունքի ստանդատները միայն տնտեսական պատճառներով, թեպետ ԱդրբեջանըԲրյուսելում բանակցային սեղանին է դրել իր գլխավոր խաղաքարտերը` ներկայանալով իբրև համարյա թե «ԵՄ էներգետիկ անվտանգության երաշխավոր»: Որոշ փորձագետներ մատնանշում են, որ բացի տարածքային ամբողջականությունից` Բաքվի ու Բրյուսելի համաձայնագրի կնքումը հետաձգող ևս մեկ կարևոր պատճառ կա` Ադրբեջանի դիրքորոշումը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության հարցում: Ադրբեջանը դեմ չէ ԱՀԿ-ին անդամակցել, բայց ծրագրում է բանակցել, երբ ադրբեջանական ապրանքները մրցունակ կդառնան, սակայն այդ փաստարկները համոզիչ չեն, քանի որ խնդիրն այլ տիրույթում է: Ոմանք փորձում են ԵՄ տեսակետների տարբերությունը Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունման հարցում բացատրել նրանով, որ առաջին երեք երկրներում ԵՄ-ն փորձում է խաղարկել ռուսական խաղաքարտը: Այդ տրամաբանության համաձայն` Բաքվի ու Արցախի հակամարտության նկատմամբ Բրյուսելն այլ խաղ ունի:
Կա Եվրոպայում հայկական սփյուռքի ակտիվ գործունեության փաստարկը: Հայկական սփյուռքը Եվրոպայում իրոք ունի նկատելի քաղաքական ազդեցություն, բայց ոչ այն մակարդակում, որ որոշարկի ԵՄ ռազմավարական քաղաքականությունը:
Ժամանակին Անկարային զրկեցին թուրքական պետություններին Եվրոպայում առաջ մղողի կարգավիճակից, իսկ մենակ առաջ գնալ նրանք չեն կարողանում: Բրյուսելը Երևանի առաջ չի դնում այն պայմանները, որ դնում է Բաքվի առաջ: Ճիշտ է` հասկանալի չի, թե ինչ դիսկուրսով է ԵՄ-ն հետագայում փորձելու լուծել Արցախի խնդիրը: Առայժմ ԵՄ վերաբերմունքը կապվում է բացառապես ԵԱՀԿ ՄԽ դիրքորոշման հետ:
Բրյուսելը լուծել է ու լուծելու է իր մոտակա ու հեռավոր խնդիրները` կապված Եվրոպայում նոր` մետրոպոլիաներից անջատված պետություններիի հայտ գալուն: Ուստի տեսանելի ապագայում Բաքվի առաջարկած խմբագրությամբ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի կնքումը սակավ հավանական է: Բաքվին պետք է ժամանակ շահել իր հետագա գործողությունները մտածելու մասին` հաշվի առնելով արժեքային ընտրությունը, քաղաքական ու մշակութային ուղենիշների կողմնորոշումը, այսինքն` պահերի որոշարկումը, որ ձևավորում ու ձևավորելու են երկրի կենսատարածքը: Եվրոպան բոլոր դեպքերում հեռավոր երկրներ են, իսկ սերտ համագործակցել պետք է մերձավոր հարևանների հետ: