Խառնաշփոթ թնջուկ, որից գլուխ չեն հանում անգամ դատարաններն ու փաստաբանները. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ի շուրջ հյուսված թնջուկն այնքան խառն է, որ դրանից նույնիսկ դատարաններն ու փաստաբանները չեն կարողանում գլուխ հանել: Խնդիրն այն է, որ «Նաիրիտ» ՓԲԸ-ից բացի տարիներ առաջ գրանցվել է նաև «Նաիրիտ-2» ՓԲԸ, որը ժամանակին ստանձնել է «Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատակիցներին աշխատավարձ տալու պարտավորությունը, բայց, միևնույն ժամանակ, նաիրիտցիները չեն կարողանում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ից պահանջել աշխատավարձերի ուշացումից գոյացած տույժ-տուգանքները վճարել, քանի որ փաստացի «Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատակիցներ են:
Նաիրիտ» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժամանակին իրավական առումով այնպիսի անհստակություն են ստեղծել, որ իսկական խառնաշփոթ է առաջացել: Եվ այսօր, երբ նախկին աշխատակիցները փորձում են իրենց իրավունքների պաշտպանության հարցով դատարան դիմել, բազմաթիվ հարցականներ ու խնդիրներ են առաջանում, որոնց պատասխանները դժվար է գտնել:
«Օրենսդրական տեսանկյունից դատարանների համար էլ է դժվար հարցին լուծում տալ: Բացի այդ, տպավորություն կա, որ դատարանները կաշկանդված են և չեն կարողանում պատշաճ քննություն իրականացնել: Ոչ մեկի համար պարզ չէ, թե «Նաիրիտից» բացի, նոր ձևավորված «Նաիրիտ-2»-ը ո՞վ է ստեղծել և ինչո՞ւ: Դա մինչ օրս իշխանությունները գաղտնի են պահում:
Ստացվում է, որ անհայտ մարդիկ են ստեղծել «Նաիրիտ-2»-ը, որը, փաստորեն, առևտրային կազմակերպություն լինելով, իր կանոնադրական նպատակին հակառակ գործարք է իրականացրել և «Նաիրիտի» աշխատակիցներին չվճարված աշխատավարձեր է վճարել՝ պայմանով, որ հրաժարվեն «Նաիրիտի» կողմից իրենց վճարվելիք աշխատավարձի ուշացման համար նախատեսված տույժ-տուգանքներից»,- ասաց Տ. Սարգսյանը:
Այսինքն՝ նաիրիտցիները ստորագրել են պարտավորություն, որ բացի աշխատավարձից, այլ գումար չեն պահանջի, սակայն հետագայում այն որպես կեղծ, շինծու, ստրկացուցիչ գործարք է համարվել, և իրավունքները վերականգնելու համար իրենց հասանելիք գումարները ստանալու պահանջով դիմել են դատարան: Նաիրիտցիները ժամանակին մի քանի խմբերով դիմել են դատարան աշխատավարձերի ուշացման դիմաց օրենքով նախատեսված իրենց հասանելիք տույժ-տուգանքները ստանալու պահանջով: Հետագայում այդ խմբերն ավելացել են: Այս պահին խոսքը 200-ից ավելի անձանց է վերաբերում: Կան խմբեր, որոնք սպառել են դատական բոլոր ատյաններին դիմելու հնարավորությունը և դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կան նաև ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված վճիռներ, որոնք չեն բողոքարկվելու ավելի բարձր դատական ատյաններում, այլ հարցը միանգամից ՄԻԵԴ-ում կվիճարկեն: Յուրաքանչյուրի մասով մոտ 10 մլն դրամի չբավարարված պահանջ կա ձևավորված, բայց զավեշտալին այն է, որ պարզ չէ, թե դրանք ով պետք է վճարի: «Նաիրիտ» ՓԲԸ-ի գործը սնանկության հոդվածով դատարանում է, իսկ անհասկանալի պայմաններում ձևավորված «Նաիրիտ-2»-ը նրանց հանդեպ, փաստորեն, որևէ պարտավորություն չունի:
«Մեծ հաշվով, նաիրիտցիների նպատակը «Նաիրիտ» գործարանն աշխատեցնելն է: Այդ դեպքում իմ բոլոր վստահորդները կհրաժարվեն և՛ իրենց գումարներից, և՛ դատական պրոցեսից: Այսինքն, հարցն ավելի շատ ոչ թե աշխատավարձերի վճարմանն է վերաբերում, այլ գործարանի շահագործմանը: Այսինքն, դատական այս ողջ պրոցեսով նաիրիտցիները ցանկանում են իշխանությունների ուշադրությունը հրավիրել գործարանը շահագործելու հարցի վրա և այն դարձնել իշխանությունների օրակարգային հարցերից մեկը: Դատական պրոցեսներից բացի, մենք մեր առջև խնդիր ենք դրել, որպեսզի այս հարցին իշխանությունները քաղաքական լուծում տան, և արտադրական այս հսկան նորից սկսի աշխատել»,- ասաց Տ. Սարգսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում